Որքան էլ իրենց դավաճանական ցանցը կենտրոնացնեն Արցախի հանձնման համար, միևնույնն է՝ կանգ չենք առնելու․ Տիգրան Աբրահամյան

«Արցախի ու առհասարակ հայ ժողովրդի համար այս խորհրդանշական օրը ցանկանում եմ անդրադառնալ Արցախում վերջին օրերին ստեղծված իրավիճակին: Այս թեման կարևոր եմ համարում ոչ միայն պատմական-հանգրվանային տեսանկյունից, այլև այն, որ Արցախին սատարելու ու օժանդակելու համար պետք է հստակ հասկանալ, թե ինչ է կատարվում Արցախում»,- այսօր Արցախի անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի օրն ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

Նրա խոսքով՝ առանց այն էլ իրավիճակն աննկարագրելի բարդ էր, և դրան գումարվել է բավականին ծանր պայմաններում Արցախի նախագահի հրաժարականը:

«Արդյո՞ք այդ հրաժարականը հասունացել էր: Ես կասեի՝ շատ վաղուց, սակայն ակնհայտ էր, որ հրաժարական տալու առավել նպատակահարմար ժամանակներ արդեն բաց են թողնվել: Մեկ բան է, որ այս հրաժարականը տեղի ունենար 44-օրյա պատերազմից 2-3 ամիս հետո, երբ իրավիճակը հարաբերականորեն կայուն էր, լրիվ այլ բան՝ հիմա»,- ասաց ԱԺ պատգամավորը:

Վերջինս հիշեցրեց՝ այս օրերին շատ տեսակետներ հնչեցին, թե ինչու Արցախի նախագահը հրաժարական տվեց: Ավելին՝ կոնկրետ ուժեր, հատկապես հայաստանյան իշխանություններից սնվող, սկսեցին տեղեկություններ տարածել տարաբնույթ խորհրդավոր ընթրիքների, երրորդ ուժերի ճնշումների կամ պարզապես պատասխանատվությունից փախուստի մասին, բայց փաստ է, որ Արցախում կառավարումը խաթարվել էր, պետական մեքենան կարծես կանգ էր առել, իսկ իշխանության, ավելի կոնկրետ՝ նախագահի նկատմամբ հանրային վստահությունը՝ պատմական նվազագույնին հասել:

Կարդացեք նաև

«Անկառավարելի վիճակը Արցախը քաոսի տանելու սպառնալիք էր ստեղծել, իսկ նման ներքին խնդիրների խորացումը ահռելի տեմպերով մաշում էր դիմադրության ռեսուրսները: Անկախ այն հանգամանքից, թե ինչ կարծիքներ հնչեցին պետնախարարի պաշտոնում անվտանգության խորհրդի արդեն նախկին քարտուղար Սամվել Շահրամանյանին նշանակելու և առաջիկայում նրա թեկնածությունը նախագահի պաշտոնին ներկայացնելու վերաբերյալ, պետք է նշեմ, որ Շահրամանյանը այն քչերից է, ով նման ամբիցիաներ երբևէ չի դրսևորել, իրեն պաշտոնների համար այս կամ այն կողմ չի հրել, առհասարակ պաշտոնակռիվն իր հետ անհամատեղելի է»,- ասաց Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով՝ փաստ է, որ Շահրամանյանն ունի կամք, պայքարի եռանդ, և, որ ամենակարևոր գործոններից է՝ իր մեջ ոչ միայն չի պարտվել, այլ մինչև վերջ կռվելու նպատակ ունի:

Պատգամավորը շատ կարևոր համարեց Արցախի ներսում իշխանության՝ հասարակության, քաղաքացիների միջև ազնիվ, շիտակ երկխոսության ծավալումը:

«Արցախցիները շատ ծանր իրադարձությունների միջով են անցել ու անցնում են, սակայն նրանք պետք է վստահ լինեն, որ որքան էլ բարդ լինի՝ շարժվում են ճիշտ ուղղությամբ, և իրենց առաջնորդում է մարդ, ով սկզբունքային է, արդար է ու քայլելու է շարքի առջևից: Երկրորդ, Արցախը որևէ նպատակի չի հասնի, եթե երկրի ներսում չչեզոքացվի ներքին ցնցումների ռիսկը, որն այս պահին ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ հիմք: Ամեն գնով՝ եթե անհրաժեշտ լինի՝ ամենակոշտ միջոցերով պետք է ապահովել Արցախի ներքին անվտանգությունը, որի ուժեղ ֆունդամենտի վրա պետք է կառուցել արտաքին անվտանգության հենասյուները: Առանց ներքին և արտաքին անվտանգության ամուր հիմքի ոչ Արցախի հետ բանակցող կլինի, ոչ էլ լսող, կամ էլ՝ պետք է լուռ, գլուխներս կախ գնանք բանակցությունների ու ստորագրենք մեզ դեմ տված ցանկացած փաստաթուղթ»,- ասաց նա:

Ըստ Տիգրան Աբրահամյանի՝ պաշտոնակռիվը չպետք է տեղ գտնի մեր իրականությունում՝ լինի դա Արցախում թե Հայաստանում:

«Պաշտոններ քաշքշելու, իրար տակից աթոռ տանելու պրակտիկան պետք է արմատախիլ անել: Արցախում կառավարման համակարգն ի սկզբանե կձախողվի, եթե հատկապես բարձր, բարձրագույն պաշտոններում կադրերի նշանակման հիմքում դրվի քաղաքական առևտուրն ու նեղ անձնային շահերը: Պաշտոնը փող, բարեկեցություն կամ արտոնություն չէ՝ հատկապես ճգնաժամային Արցախում, պաշտոնն առաջին հերթին պատասխանատվություն է՝ պաշտպանելու սեփական ժողովրդին ամենատարբեր սպառնալիքներից: Առավել քան երբևէ, նոր նշանակումներում պետք է լինել առավել զգույշ և նրբանկատ»,- նշեց պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց՝ Արցախում այսօր մի կողմից՝ բառիս բուն իմաստով հացի խնդիր կա, մյուս կողմից՝ արցախցիների կամքն ու բարձր պատասխանատվությունը խնդիրը ստամոքսային մտածելակերպից վեր է հանել և մղել ազգային շահերի ու իղձերի տրամաբանություն:

«Ինչ վերաբերում է Արցախի հարցով տարվող բանակցություններին, ապա և ներսից, և դրսից շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը դատավճիռ է, ինչի հետ պետք է հաշտվել ու համակերպվել: Չեմ կարող չխոստովանել, որ այդ հայտարարությունը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել բանակցային գործընթացում՝ կտրուկ նվազեցնելով հայկական կողմերի բանակցային ճկունությունն ու մանևրելու հնարավորությունը, սակայն դա էլ այս իշխանության՝ պետության ղեկից դուրս շպրտելուց հետո շտկելու, կարգավորելու հնարավորությունը դեռ կա: Այսօր, այստեղ, բոլորիդ առաջ ուզում եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ Արցախի հարցը երբևէ տարածքային վեճ չի եղել, այն դարերով այնտեղ ապրող հայերի՝ սեփական ճակատագիրը տնօրինելու պայքարն է, և Հայաստանի որևէ կառավարիչ ոչ այն կարող է չեղարկել, ոչ էլ գործընթացը տապալել»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:

Նա նաև ասաց, որ 3 տասնամյակ առաջ Արցախում ապրող մարդը որոշել է, որ շարժվում է ինքնորոշման իրավունքի իրացման ու դրա միջազգային ճանաչման ճանապարհով, և մինչև 2018 թվականը Հայաստանի բոլոր իշխանությունները սրբորեն ապահովել են իրենց մաս առաքելությունը: Այս իշխանությունը դավաճանել է, թշնամու հետ ներդաշնակ գործել, սակայն արցախցուն իր բռնած ուղուց հետ կանգնեցնելու ոչ մանդատ ունի, ոչ էլ իրավունք:

«Մեր այն միջազգային գործընկերները, ովքեր հայտարարում են, թե Հայաստանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում, ուզում եմ շատ հստակ ասել, որ Ո՛Չ, Հայաստանը չի ճանաչել, նման բան հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոն զբաղեցնող անձը, իսկ այդ բանավոր հայտարարությունը որևէ իրավական ուժ չունի: Երկրորդ, այդ երբվանի՞ց են սրանք ներկայացնում հային, հայ ժողովրդին, արդյո՞ք հավաքական հայը իրավունք է տվել հայաստանյան իշխանություններին՝ իր անունից որոշելու, թե ինչպես պետք է ապրի արցախցին ու տնօրինի սեփական ճակատագիրը: Անշուշտ ո՛չ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:

Նա վերահաստատեց՝ արցախցին իր տեղում, բնօրրանում, օջախում և, իհարկե, սահմանագծին ամուր կանգնած է, և մենք ևս մեկ անգամ եկել ենք վերահաստատելու մեր այն մոտեցումը, որ ինչ էլ լինի, ովքեր էլ փախչեն, ուրանան, դավաճանեն, Հայաստանում ու սփյուռքում կան հսկայական թվով մարդիկ, որոնք եղել են ու լինելու են Արցախի պաշտպանության սրբազան խրամատում:

Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ նաև քաղբանտարկյալների խնդրին:

«Չեմ կարող նաև չարձանագրել, որ մեր շատ ընկերներ էլ այս պայքարի ճանապարհին իշխանական ապօրինի մեքենային հանդիպելով՝ հայտնվել են անզատության մեջ՝ Արմեն Աշոտյանից մինչև գեներալ Գրիգորի Խաչատուրով: Սակայն որքան էլ հայաստանյան իշխանություններն իրենց ողջ ռեսուրսն ու դավաճանական ցանցը կենտրոնացնեն Արցախի հանձնման գործընթացին, մենք, միևնույն է, կանգ չենք առնելու: Իմ շատ սիրելի արցախցիներ, վստահ եղեք, եղել ենք ու միշտ ձեր կողքին ենք լինելու:

Արցախ, պինդ լինելուդ ու երկաթյա կամքիդ չենք կասկածում»,- եզրափակեց Տիգրան Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս