Համլետ Մինասյանի 100-ամյակին նվիրված ցուցադրության մեջ ներառվել են նրա հարյուր աշխատանքները
Գեղանկարիչ Համլետ Մինասյանի 100-ամյակի առթիվ Հայաստանի նկարիչների միությունում բացվել է հեղինակին նվիրված ցուցահանդես, որում ընդգրկվել են նրա հարյուր ստեղծագործությունները՝ բնապատկերներ, թատերական էսքիզներ, դիմանկարներ։
Նկարչի տաղանդին և աշխատանքներին անդրադառնալու միտքը նրա ընտանիքինն է։
Համլետ Մինասյանը, լինելով իր ժամանակների իմպրեսիոնիստական ոճի վառ ներկայացուցիչներից, կարողացել է պատկերել Հայաստանը տարվա բոլոր եղանակներին, իսկ եղանակները՝ հետաքրքիր դրսևորումներով։
Մինասյանի մասին շատ չեն խոսել, նա ստեղծել է իր խաղաղ ու լուսավոր կտավները՝ չլինելով ուշադրության կամ հայտնիության որևէ կետում։
Համլետ Մինասյանի գույներն ապահովում են ցուցասրահում այցելուների անընդմեջ հոսքը. Արվեստասերները հիանում են նրա տաղանդով, խոսում եղանակներից և զարմանում կտավների թարմությունից։ Ցուցադրությունը, որի համադրողը արվեստաբան, նկարիչ Արա Հայթայանն է, իսկ կազմակերպչական աշխատանքները վստահված են «Լիվըր արտ մենեջմենթի» ընկերությանը, այցելուների համար բաց է մինչ հուլիսի 30-ը, իսկ փակման նախօրեին՝ հուլիսի 29-ին, հյուրերը հնարավորություն կունենան մասնակցել նկարչի կյանքն ու աշխատանքները ներկայացնող գիրք-ալբոմի շնորհանդեսին և դիտել Համլետ Մինասյանի մասին պատմող փաստավավերգրական ֆիլմը, որը նկարչի ապրած ժամանակների, նրա արվեստի ու ընտանիքի մասին է։