«Ես իրավունք ունեմ որոշել Հայաստանի Հանրապետության ճակատագիրը. ի՞նչ հանրաքվե, հանրաքվե ինչի՞ մասին». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանին հրավիրված ասուլիսի ժամանակ 24News-ի լրագրողը հարց է ուղղել նրան՝ Արցախի ժողովուրդն իր ապագան չի տեսնում Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ հանրաքվե չի անցկացվում՝ պարզելու՝ այն ժողովուրդը, որին պատկանում էր իշխանությունը, համաձա՞յն է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի կազմում:

Լրագրողը նաև նշել է, որ Ալիևից չենք լսել հայտարարություն, որ ճանաչում է ՀՀ-ի 29.800 քկմ-ն, այսինքն, այս մասին միայն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն է ասել, չկա՞ մտավախություն, որ Ադրբեջանը հրաժարվի բանավոր պայմանավորվածությունից և չճանաչի ՀՀ-ի 29.800 քկմ տարածքը:

Փաշինյանն այս հարցադրումներին ի պատասխան՝ արձագանքել է, որ եղել է պայմանավորվածություն, և եթե Ադրբեջանը չի ընդունում այն, պետք է հայտարարի, որ չի համարում այդ պայմանավորվածությունը կայացած, իսկ ինքը դա կայացած է համարում, ուստի հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի 86.600 քկմ-ն:

Ինչ վերաբերում է ժողովրդի հետ քննարկելուն, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դա տեղի է ունենում իր ասուլիսների ուղիղ հեռարձակման, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հրապարակային ելույթի և հարցուպատասխանի միջոցով:

«Բա որ քննիչ հանձնաժողովում 6-7 ժամ պատասխանում եմ հարցերի, ինչ-որ փաստերի, փաստարկների մասին եմ խոսում, դա ինչի՞ մասին է, դա էլ է ժողովրդի հետ քննարկում: Ես ասեցի, որ մենք չենք կարծում, որ ԼՂ ժողովրդի ճակատագիրը կարող ենք որոշել, դա պետք է իրենք որոշեն։ Ես մանդատ ունեմ որոշում կայացնելու Հայաստանի Հանրապետության վերաբերյալ, ես սա կրկնում եմ 2018 թվականից սկսված։ Հարցերի հայելային էֆեկտը պետք է անպայման հաշվի առնենք։ ՀՀ ժողովուրդը համաձա՞յն է, որ Ադրբեջանը ճանաչի 29.800 քկմ տարածքային ամբողջականությունը: Համաձա՞յն է, թե՞ համաձայն չի։ Եթե որևէ մեկը կարծում է, որ ՀՀ ժողովուրդը համաձայն չէ, որ 29.800քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչվի, թող ասի՝ ես համաձայն չեմ, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը ճանաչվի»,- ասել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է, որ նախորդ տարի, երբ ԱԺ-ում ինքը հայտարարեց, որ պատրաստ է ստորագրել թուղթ, որ ՀՀ 29.800 քկմ տարածքային ամբողջականությունը ճանաչվի, ըստ նրա, մարդիկ փողոց դուրս եկան մանիպուլյացիայի արդյունքում, որովհետև 29 հազար 800 քառակուսի կմ-ն անծանոթ թիվ էր քաղաքացիների համար:

«Չգիտեին՝ դա ինչ թիվ է։ Եվ սա ամենամեծ խնդիրն է․ ստեղծել ենք պետություն՝ առանց դրա չափի մասին պատկերացում ունենալու։ Մեզ թվացել է, որ երբ մենք լղոզում ենք Հայաստանի չափերը, կարծում ենք՝ հնարավորություններ ենք բացում Հայաստանի առաջ, իսկ իրականում մեր պետականությունն ենք լղոզել դրանով։ Քաղաքացին չգիտի՝ 29 հազար 800 քառակուսի կմ-ի մեջ մտնո՞ւմ է Կապանը, Տավուշը, Արծվաշենը և այլն։ Ես իրավունք ունեմ որոշել ՀՀ ճակատագիրը՝ ժողովրդի կողմից ինձ տրված մանդատով: Եվ ՀՀ-ն է իմ գործունեության օբյեկտը, իհարկե, ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրն առնչվում է դրան: Բայց գործունեության ֆոկուսը ՀՀ օրենսդրությամբ և սահմանադրությամբ ՀՀ-ն է»,- շարունակել է Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս