Եթե Ձեզ համար Արցախն Ադրբեջան էր, Ադրբեջանո՞ւմ էին ծառայում հայ զինվորները. զոհվածի հայրը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանի հրավիրած ասուլիսի ժամանակ «5-րդ» ալիքի լրագրողը նրան նախ տեղեկացրել է՝ իրենց խմբագրությունը որոշել էր հարցեր ուղղել արցախցիների կողմից, սակայն Արցախում իրենց թղթակցի հետ զրույցում մարդիկ հրաժարվել են փոխանցել որևէ հարց: Այնուհետև «5-րդ» ալիքի լրագրողը Փաշինյանին է փոխանցել 44-օրյա պատերազմում զոհված Դավիթ Զաքարյանի հոր՝ Աշոտ Զաքարյանի հարցերը:
Զոհվածի հայրը Փաշինյանին հարցրել է՝ «ե՞րբ, ո՞ր իրադարձությունից հետո հասկացաք, որ Արցախն Ադրբեջան է, և երկրորդ՝ ինչո՞ւ էիք 2019-ի օգոստոսին Ստեփանակերտում հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», ինչի՞ հիման վրա, մեր տղաներն Ադրբեջանո՞ւմ էին ծառայում, թե՞ հայկական Արցախում»:
Փաշինյանն այս հարցադրումներին արձագանքել է, որ տղաների ծառայության հետ կապված հարցը քննարկվել է աշխատանքային հանդիպումների ընթացքում:
«Եվ այդ որոշումը տղաների որտեղ ծառայելու վերաբերյալ, դժբախտաբար թե բարեբախտաբար, այսինքն, առանց երանգավորման, ես չեմ կայացրել: Ինչ վերաբերում է իմ նշած հայտարարությանը, իմ ասածի տրամաբանությունը հետևյալն է՝ տեսեք, ասում են՝ Հայաստանը սենց բան պիտի հայտարարի, նենց բան պիտի հայտարարի, և մեզ երբեմն թվում է՝ Հայաստանը, որ ինչ-որ բան չի ստանում կամ չի ստացել, դա էն պատճառով է, որ ինքը չի հայտարարում, չի ուզում, չի ցանկանում դա ունենալ: Իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու հետ կապված խնդրին, նախ ՀՀ-ն միշտ էլ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց դա միշտ չէ, որ հայտարարվել և արձանագրվել է: Ես ցավով արձանագրել և արձանագրում եմ, որ աշխարհում չկա և չի եղել մի երկիր, որ ԼՂ-ն չի ճանաչել Ադրբեջանի մաս, այդ թվում՝ 2013, 2014, 2015, 2016, 2017, 2018 թվականներին: Այլ բան, որ մենք այս իրողության հետ առերեսվե՞լ ենք, թե՞ ոչ, և ո՞րն է եղել մեր դիրքորոշումը: Մենք ասել ենք՝ կապ չունի, որ ամբողջ աշխարհն այլ կերպ է ընկալում, մենք պետք է այլ կերպ վարվենք: Ինչ-որ փուլում ես էլ եմ գուցե այդպես արել, այդ տրամաբանության մեջ, բայց, ի վերջո, իրականությունը և իրողությունները մեզ դնում են կոնկրետ իրավիճակի և կոնկրետ ընտրության առջև: Եվ մեր խնդիրն այն է՝ ամեն ինչ անել, որ մեր հարգարժան զինվորի ծնողի կողմից այդպիսի հարցերի չարժանանանք»:
Մանրամասները՝ տեսանյութում