Ազգային երգն ու պարը՝ Դաշտադեմի ամրոցում. Արագածոտնի մարզը հյուրընկալեց «Զարկ-ֆեստ» փառատոնը
Արագածոտնի մարզի Դաշտադեմի ամրոցը հուլիսի 21-ին հյուրընկալել էր ազգային պարին նվիրված «Զարկ-ֆեստ» փառատոնը, որի ընթացքում տեղացիներին, և՛ Հայաստան այցելած հյուրերին համերգային ծրագրով ու տեսանյութերով ներկայացվեց հայ ժողովրդի պարը:
«Ցանկանում ենք ակտիվացնել մարզային մշակութային կյանքը, որովհետև մարզերի բնակիչները մշակույթի հետ հաղորդակցվելու սուղ հնարավորություններ ունեն: Մեր նպատակներից է նաև Դաշտադեմի հրաշալի պատմական ամրոցը հանրահռչակելը: Ուզում ենք ակտիվացնել զբոսաշրջիկների հոսքը»,-նշեց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը:
Նրա խոսքով՝ հիմնականում զբոսաշրջիկները ցանկանում են ճանաչել երկրի պատմամշակութային հուշարձաններն ու ծանոթանալ ժողովրդական արվեստին: Ըստ Սարգսյանի՝ կարելի է այդ երկուսը կազմակերպել մեկ հարթակում, և այդպես կակտիվանա Դաշտադեմի ամրոցը:
«Պետք է զարկ տալ դրան: Հենց այդ նպատակով էլ փառատոնը կրում է «Զարկ-ֆեստ» անունը»,-շեշտեց Արմեն Սարգսյանը:
Արագածոտնի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ղեկավար Գագիկ Պողոսյանը հիշեցրեց, որ մարզը հիմնականում բնակեցված է Սասունից, Մուշից, Ալաշկերտից գաղթած բնակիչներով, որոնք բերել են իրենց երգը, պարը, մշակույթը:
«Մեր մարզը բազմազան է իր մշակութային շերտերով, գանձերով: Ցանկանում ենք այդ հարստությունը փոխանցել երիտասարդներին: Համագործակցելով տարածքային կառավարման մարմինների, նախարարությունների հետ՝ փորձում ենք միջոցառումներ կազմակերպել, որոնք կպահպանեն մշակութային արժեքները»,-ընդգծեց նա և հավելեց՝ մի քանի օր առաջ Բյուրականում ազգային նվագարաններին նվիրված միջոցառում են անցկացրել, իսկ այժմ՝ «Զարկ-ֆեստ»-ը:
Անդրադառնալով Դաշտադեմի ամրոցին, որը պատմամշակութային ժառանգության հրաշագեղ միջնաբերդ-դղյակ է, Պողոսյանն ասաց՝ ցավոք, նույնիսկ Հայաստանում այն շատ հայտնի չէ, ուստի փառատոնը կարևոր քայլ է ամրոցը ճանաչելի դարձնելու առումով:
Փառատոնին ելույթ ունեցան Ալթունյան պետական անսամբլը, Ակունք, Կարին, Սասնա ծռեր ազգագրական խմբերը, Վարդան Բադալյանը, Մավր Մկրտչյանը, Ռուբեն Սասունցին և այլք: Էկրանին տեսաշարերի տեսքով անդրադարձ արվեց մարզի կենցաղին, եկեղեցիներին ու անհատականություններին, մարզի բնակիչների ծագումնաբանությանն ու բանահյուսությանը:
«Ժողովրդական երգը մեր անձնագիրն է, մեր ինքնությունն է, իսկ նման փառատոններն առաջին հերթին հնարավորություն են տալիս ճանաչել մեր թաքնված գանձերը: Ես լսել էի Դաշտադեմի ամրոցի մասին, սակայն առաջին անգամ եմ այցելում այստեղ: Եկել եմ տղայիս հետ: Հաճախ կգանք այստեղ, մեր հյուրերին կբերենք»,-ասաց Վարդան Բադալյանը:
Երգչի համոզմամբ՝ Հայաստանում նման վայրեր շատ կան, պարզապես պետք է բացահայտել դրանք, իսկ փառատոններն այդ անելու լավագույն միջոցն են:
Միջոցառման շրջանակում տարածքում գործում էին նաև տաղավարներ, որոնցում հնարավոր էր գտնել համեղ մրգեր և ուտեստներ: Ներկաները հնարավորություն ունեին անվճար խնոցու թան վայելել: Տաղավարներից երկուսը ծառայում էին էթնոգրաֆիկ լուսանկարահանմանը:
Փառատոնն անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Անժելա Համբարձումյան