Ուժեղացված ծառայության շրջանակներում Սևանի 3 հանրային լողափերում ջրափրկարարներն իրականացրել են 89 շրջայց
Վարդավառի կապակցությամբ իրականացվող ուժեղացված ծառայության շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայությունը ներգրավել է 296 փրկարարական ծառայող, 65 տրանսպորտային միջոց, 10 մոտորանավակ և անօդաչու թռչող սարք: Հուլիսի 16-ի ժամը 18:00-ի դրությամբ, Սևանի 3 հանրային լողափերում ջրափրկարարներն իրականացրել են 89 շրջայց: Թերակղզու հարավային ափում լողանշաններն անցել են 227 քաղաքացի և 36 լողամիջոց։
«Ինչպես հայտարարվել էր Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված` ՀՀ ՆԳ նախարարության ենթակա ծառայությունները՝ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության: Ժամը 18.00-ի դրությամբ, Վարդավառի տոնական միջոցառումների հետ կապված ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հանցագործության՝ 1, պատահարների՝ 17 և ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 5 ահազանգ: Արձանագրված բոլոր ահազանգերով ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ:
Ուժեղացված ծառայության շրջանակներում ՆԳՆ փրկարար ծառայությունը միջոցառմանը ներգրավել է 296 փրկարարական ծառայող, 65 տրանսպորտային միջոց, 10 մոտորանավակ և անօդաչու թռչող սարք: 18:00-ի դրությամբ, ուժեղացված ծառայության շրջանակներում Սևանի 3 հանրային լողափերում ջրափրկարարներն իրականացրել են 89 շրջայց: Թերակղզու հարավային ափում լողանշաններն անցել են 227 քաղաքացի և 36 լողամիջոց։
Փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻ կենտրոնի ծառայողների կողմից իրականացվել է 16 շրջայց: Լողափերին հայտնաբերվել է լողանշաններն անցած 160 քաղաքացի, 11 փչովի նավակ, 4 հեծանվանավակ: Իրազեկման աշխատաքների միջոցով փրկարարները անվտանգ գոտի են վերադարձրել քաղաքացիներին և լողամիջոցները:
Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 30 մ հեռավորության վրա նկատել են լողանշաներն անցած քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացի Ա․ Ի․-ին (ծնված 2005 թ․) մոտեցրել են ափ։
Սևանա լճի 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափից մոտ 30 մ հեռավորության վրա նկատել են լողանշաներն անցած քաղաքացու, ով չի կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով քաղաքացի Ս․ Հ․-ին (ծնված 2001 թ․) մոտեցրել են ափ։
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ցամաքաբերդ» լողափում փրկարարները շրջայց կատարելիս ափից մոտ 500 մ հեռավորության վրա նկատել են խափանված ջրային մոտոցիկլետ, որի վրա եղել է մեկ քաղաքացի. վերջինս չի կարողանում վերադառնալ ափ։ Ջրափրկարարները մոտորանավակով ափ են դուրս բերել Է․ Բ․-ին (ծնված 2005 թ․) և ջրային մոտոցիկլետը»,- հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից՝ հավելելով, որ ուժեղացված ծառայության արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները․ լինել զգոն և ջրային տարածքներում հետևել փրկարարների հրահանգներին, ծնողներին կոչ է անում ուշադիր լինել անչափահասների նկատմամբ, անտառամերձ և բուսածածկ հատվածներում պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ոչ սթափ վիճակում մեքենա չվարել և պահպանել համակեցության կանոնները: