Բայդենը և Մաքքարթին համաձայնության են եկել՝ կանխելով երկրի պատմության ընթացքում առաջին դեֆոլտը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին վերջնական համաձայնության են հասել պետական պարտքի վերին շեմի բարձրացման շուրջ և կոչ են արել Ներկայացուցիչների պալատին և Սենատին հաստատել երկկուսակցական համաձայնությունը: Այս մասին Բայդենն ասել է կիրակի օրը լրագրողների հետ զրույցում։
«Ես խոսել եմ խոսնակ Մաքքարթիի հետ, և մենք ձեռք ենք բերել բյուջեի շուրջ երկկուսակցական համաձայնություն, որը պատրաստ ենք ուղարկել Կոնգրես: Կարծում եմ՝ սա շատ կարևոր քայլ է, որն օրակարգից հանում է աղետալի դեֆոլտի վտանգը և պաշտպանում է մեր կողմից դժվարությամբ ձեռք բերված և պատմական տնտեսական վերականգնումը», – ասել է Սպիտակ տան ղեկավարը:
Բայդենը հավելել է, որ թեև կողմերից ոչ մեկը չկարողացավ հասնել իր բոլոր նպատակներին, սակայն համաձայնության հասնելը «լավ նորություն է ամերիկյան ժողովրդի համար» և կանխում է հնարավոր վատագույն ճգնաժամը՝ երկրի պատմության ընթացքում առաջին դեֆոլտը:
Իր հերթին Associated Press գործակալությունը հաղորդում է, որ 99 էջից բաղկացած օրինագծով նախատեսվում է, որ երկրի պետական պարտքի շեմը կբարձրանա մինչև 2025 թվականը:
Ներկայացուցիչների պալատն օրինագծի շուրջ կքվեարկի մայիսի 31-ին:
2024 ֆինանսական տարում նախատեսվում է պաշտպանական ծախսերի համար հատկացնել 886 մլրդ դոլար, ինչպես ավելի վաղ առաջարկել էր ԱՄՆ նախագահը:
Associated Press-ը նշում է, որ ըստ Սպիտակ տան գնահատումների՝ տվյալ օրինագծով կառավարության ծախսերը կկրճատվեն առնվազն 1 տրիլիոն դոլարով, սակայն պաշտոնական հաշվարկները դեռ չեն հրապարակվել:
Դաշնային կառավարությունը պետական պարտքի առավելագույն սահմանը 31.47 տրիլիոն դոլար է: Ըստ մոտավոր գնահատումների՝ 2023 ֆինանսական տարվա վերջին՝ 2024 թ. սեպտեմբերի 30-ին, ԱՄՆ պետական պարտքը կհասնի 32.69 տրիլիոն դոլարի: