Մոսկվայում մեկնարկեց Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Րոպեներ առաջ Մոսկվայում մեկնարկեց եռակողմ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը։ Նման ձևաչափով վերջին հանդիպումը կայացել էր նախորդ տարի Սոչիում հոկտեմբերի 31-ին։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում է աշխատանքային այցով, որի շրջանակում մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Ավելի վաղ՝ ըստ էության Բրյուսելում մայիսի 14-ին կայացած եռակողմ՝ Փաշինյան-Միշել-Ալիև բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական կողմը համաձայնել է Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնել Մոսկվայում: Նա ընդգծել էր, որ համապատասխան առաջարկը ստացվել է ռուսական կողմից, և Հայաստանն ընդունել է այն: Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում այդ եռակողմ շփումների ուղղությամբ, և իհարկե հույս ունեն` արդյունավետ հանդիպում կլինի։ «Արդյունավետության աստիճանը ցույց կտա ժամանակը»,– նշել էր Պեսկովը։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Մոսկվայում մայիսի 19–ին էլ կայացել էին Լավրով-Միրզոյան-Բայրամով, ապա Միրզոյան-Բայրամով բանակցությունները։ ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, տեղի էր ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։