Աշոտի մազին կպչել չէր կարելի, մեր երեխեքին սպանդի տանել կարելի՞ էր. Արա Ռոստոմյան

«Աշոտի մազին կպչել չէր կարելի, մեր երեխեքին սպանդի տանել կարելի՞ էր»,- այս մասին քիչ առաջ ասաց Կառավարության շենքի մոտ անժամկետ նստացույց իրականացնող՝ 44-օրյա պատերազմում զոհված  զինվոր Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։

Նա նշեց, որ մի քանի գիշեր Կառավարության շենքի մոտ են գիշերում, իսկ դրանից առաջ մի քանի գիշեր՝ դատարանի դիմաց կամ Ձերբակալվածների  պահման վայրում, ուստի  կարելի է ասել, որ իրենք իրենց ընկերոջ՝ օրերս մեկ ամսով կալանավորված Գայանե Հակոբյանի հետ հավասար այդ կալանքն իրականացնում են։ «Ինքը՝ ներսը, մենք՝ դրսում»,- նկատեց Ռոստոմյանը։ Ինչ վերաբերում է իշխանության արձագանքին, նա նշեց, որ  իրենք ոչ սպասում են նրանց արձագանքին, ոչ էլ նրանց հետ կոնտակտի մեջ են մտնելու։ «Իշխանական պատգամավորները մի հատ մեծ արշավ են սկսել, իրար հերթ չտալով՝ փորձում են ներկայացնել երեխայի առևանգման ինչ-որ դրվագներ։ Եթե նայում ենք իրավական դաշտում,  դա փուչիկ է, եթե իրենք հումանիստաբար նշում են, թե որևէ երեխայի մազին չի կարելի կպնել, բա ո՞նց մեր երեխաների ոչ թե մազին կպան,  այլ տարան ուղիղ սպանեցին։ Եթե «մազին կպնում են», պետք է կալանավորվի՞, իսկ եթե տարել-սպանել են, մինչև հիմա պատասխանը չեն տվե՞լ։  Ասում է՝ ես եմ մեղավորը, ես եմ պատասխանատուն։ Մեղավորին ու պատասխանատուին տանում ցմահ դատում են, ոչ թե թողնում են դրսում, որ լրացուցիչ հանցանքներ գործի»,- ասաց Ռոստոմյանը։ Նա նշեց, որ ամեն ինչ անելու են, որ այս պայքարին միանա նաև Գայանեն։

Հարցին՝ իրենց պայքարը լռեցնել հնարավո՞ր է, Ռոստոմյանը պատասխանեց՝ ասելով, որ եթե կլինեն ծնողներ, որոնք ինչ-որ կերպ  կփորձեն լռել, այնպես չէ, որ իրենք երկուսն են, երեքն են, տասն են։ «Մեր ծնողների համայնքն օր օրի ավելանում է։ Եթե Դուք երեկ չէ առաջին օրը դատարանում էիք, տեսած կլինեք, շրջաններից գալիս են, այն շրջաններից, որտեղ ունենք ՀԿ-ի անդամներ, ովքեր աշխատում են իրենց շրջաններում, այնտեղ մասնաճյուղեր են բացում, այնպես որ, հանրությունը  կշատանա ձնագնդի էֆեկտով։ Նույնը տեղի է ունենում ծնողական համայնքում։ Նույնիսկ, եթե իրենք  գնում են որոշ ծնողների տները և պարզապես նկարվում, շատերը չգիտեն, թե նկարվելուց  հետո ինչ կարգի խոսակցություն է իրենց մեջ գնում, կամ  ինչ ձևով են իրենք նկարվում։ Ուստի այն, ինչ տեսնում եք էկրանից այն կողմ,  մի բան է, իսկ իրականությունը, երբ մենք շփվում ենք ծնողների հետ, այլ բան է։ Բոլորն էլ մեղադրում են օրվա իշխանություններին։ Կան ծնողներ, որոնք  չեն ցանկանում խոսել, բայց կան նաև ոչ մեր դաշտում, դա էլ իրենց որոշելիքն է, բայց օր օրի փոխվում է»,- ասաց Արա Ռոստոմյանը

Տեսանյութեր

Լրահոս