Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի առաջին նիստում քննարկվել են մի շարք նախագծեր
Պատգամավորների պալատի Կիսանդրիների դահլիճում Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը գումարել է իր առաջին նիստը՝ Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանի մասնակցությամբ:Այս ասին հայտնում են Իտալիայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջից։
Քննարկված հարցերի շարքում էին խորհրդարանական դիվանագիտության կարևորությունը, միջազգային ասպարեզում համագործակցությունը, եվրոպական օրենսդրության կիրառաման և երկու պետություններում գործող օրենսդրական դաշտերի հետ առնչվող հարցեր։ «Հնագույն քաղաքակրթությունների հիման վրա ձևավորված ընդհանուր պատմական արմատներ ունեցող երկու երկրները բազմաթիվ առնչություններ են ունեցել դարերի ընթացքում։ Մեծ թվով հայեր են հաստատվել Իտալիայում՝ ձևավորելով հայ համայնքի գաղթօջախներ երկրի տարբեր մասերում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հավակնոտ նախագծեր, որոնց նպատակն է էլ ավելի խորացնել և ամրապնդել Իտալիայի և Հայաստանի խորհրդարանների միջև թվինինգային ծրագրի շրջանակներում երկկողմ համագործակցությունը»,- հայտարարել է «Լեգա» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր, Ֆինանսական հանձնաժողովում խմբակցության ղեկավար, Իտալիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջուլիո Չենտեմերոն։