ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Լոռիում և Շիրակում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի նախաքննությունը
ՀՀ քննչական կոմիտեն ավարտել է Լոռիում՝ 2022-ի օգոստոսի 10-ն և Շիրակում՝ հոկտեմբերի 4-ին պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2022թ․ օգոստոսի 10-ի ժամը 23:45-ի սահմաններում, Ոստիկանության Թումանյանի բաժնի դիմաց գտնվող ավտոգազալցակայանում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, ինչը նկատել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկները:
Վերջիններս, մոտենալով երիտասարդներին, հորդորել են դադարեցնել վիճաբանությունը, սակայն երիտասարդներից մեկը, ով հանդիսանում է Լոռու մարզի Աքորի գյուղի 25-ամյա բնակիչ, հրաժարվել է կատարել պահանջը, ինչի կապակցությամբ վերջիններս իրավաչափորեն փորձել են ձերբակալել ու ոստիկանության Թումանյանի բաժին տեղափոխել նրան:
Ի պատասխան՝ երիտասարդը, ով, քննության տվյալներով, գտնվել է ալկոհոլային հարբածության վիճակում, ձեռքով հարվածել է պարեկներից մեկին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, և վնասել վերջինիս համազգեստին ամրացված ծառայողական տեսախցիկը:
Այնուհետև, ձեռբակալվելուց և ոստիկանության Թումանյանի բաժին տեղափոխվելուց հետո, իրեն վատ զգալու պատրվակով խնդրելով ձեռքերն ազատել ձեռնաշղթաներից և օգտվելով ոստիկանության ծառայողների կողմից իր խնդրանքը կատարելու հանգամանքից՝ երիտասարդը բռնություն է գործադրել նրանց նկատմամբ, ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել երկու կրտսեր պարեկների մարմնի տարբեր մասերին՝ նրանց պատճառելով ֆիզիկական ցավ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 25-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:
Նշվում է, որ մեկ այլ դեպքով ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունունում իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2022թ․ հոկտեմբերի 4-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 27-ամյա բնակիչն իր կողմից վարվող «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայով մոտեցել է ՀՀ ոստիկանության՝ Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնին և այն կայանել ոստիկանության բաժնի մուտքի դիմաց՝ երթևեկելի մասի «դեղին հոծ գիծ» ճանապարհային արգելող գծանշման ազդեցության գոտում: Այնուհետև երիտասարդը դուրս է եկել ավտոմեքենայից և մոտեցել ոստիկանության բաժնի մուտքի ճաղավանդակե դռանը, որտեղ ՀՀ ոստիկանության Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, ով ընդգրկված է եղել բաժնի օպերատիվ խմբի կազմում, երիտասարդին տեղեկացրել է կատարած վարչական իրավախախտման վերաբերյալ և առաջարկել ավտոմեքենան տեղափոխել ու կայանել մեկ այլ վայրում: Ի պատասխան՝ երիտասարդը հրաժարվել է կատարել ոստիկանի կողմից ներկայացված օրինական պահանջը և, ձեռքը մտցնելով ոստիկանության բաժնի մուտքի դռան ճաղավանդակից ներս, հարվածել է նրա գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ՝ այդ կերպ տեսուչի նկատմամբ դիտավորությամբ բռնություն գործադրելով:
«Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Գյումրի քաղաքի բնակչին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով: Որպես խափանման միջոց՝ նրա նկատմամբ կիրառվել է գրավ և բացակայելու արգելք:
Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Հարկ են համարում կրկին զգուշացնել, որ ՀՀ քննչական կոմիտեն հետևողական է լինելու պարեկային ծառայության աշխատակիցների օրինական գործունեությանը խոչընդոտելու հանցավոր վարքագծի բոլոր դեպքերն անաչառ քննությամբ բացահայտելու, իսկ նման վարքագիծ դրսևորած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում՝ նկատի ունենալով նաև հանրապետությունում ներդրված՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կայացման, ընդհանուր առմամբ հասարակական կարգի պաշտպանության կարևորությունը»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: