Ծառայողական քննության հետքերով. ինչպես է տեսանյութը հայտնվել մամուլում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմը մեկ ամսից ավելի է՝ ծառայողական քննություն է իրականացնում՝ պարզելու համար, թե ինչպես է Ազգային ժողովի պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի եւ Մհեր Սահակյանի մասնակցությամբ միջադեպից հետո տեսանյութը հայտնվել իշխանական պատգամավորների հետ առնչություն ունեցող լրատվամիջոցներում: Ո՞ւմ հրահանգով եւ ո՞ւմ կազմակերպմամբ է դա տեղի ունեցել:

Ինչպես հայտնի է, մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովում փակ քննարկման ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել: Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը հարվածել էր ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին: ԱԺ տեղեկատվության ազատության պատասխանատու Լաուրա Անտոնյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնել էր, թե ապրիլի 3-ից ծառայողական քննություն է սկսվել:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար կրկին դիմեց Լաուրա Անտոնյանին, որն ի պատասխան հայտնեց. «Միջադեպի հանգամանքները լիարժեք եւ ամբողջական պարզաբանելու նպատակով վարույթը դեռ ընթացքի մեջ է»։

Ամեն դեպքում, նկատենք՝ այդքան երկար ծառայողական քննություն իրականացնելու պատճառ թերեւս չկա. պետք է ընդամենը հասկանալ՝ ով է մտել անվտանգության տեսախցիկների սենյակ, կամ ով է հրահանգել կրիչով դուրս հանել օրվա տեսաձայնագրությունը: Սա անելու համար մեկ ամիս ժամանակ վստահաբար պետք չէ»:

Տեսանյութեր

Լրահոս