Խոստանում եմ` կգա ժամանակը, և մեր ժողովուրդը կիմանա` ում պատճառով պարտվեցինք. Արգիշտի Քյարամյան
«Մեր իշխանություն, ձեր իշխանություն չկա»,- այսօր լրագրողներին ասաց 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 78-րդ տարեդարձի առթիվ Հաղթանակ զբոսայգի եկած Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանը, ում լրագրողները հարցեր տվեցին Շուշիի անկման, նրա՝ Շուշիում վերջին օրերին գտնվելու, հարուցված քրեական գործի մասին:
Ըստ նրա՝ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է այդ մասով, և գործը գտնվում է դատաքննության փուլում:
«Առիթ եղել է, ասել եմ, որ ես կամավոր էի այնտեղ, և շատ ուրախ կլինեի, եթե շատերը Շուշիում գտնվեին, և միգուցե այդ պարագայում մենք Շուշին չկորցնեինք»,- ասաց ՔԿ նախագահը՝ անպատասխան թողնելով «ի՞նչ էր անում Շուշիում և ինչպե՞ս դուրս եկավ այնտեղից» հարցերը:
Արգիշտի Քյարամյանը, ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանին չի ասում, որ չպետք է նախաքննական գաղտնիքներ հրապարակի, պատասխանեց՝ ինքը Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ տալու կամ ընդհանրապես այդ հարցերով շփվելու իրավասություն չունի, Փաշինյանն իրենց գործին չի խանգարում, ինքն էլ որևէ մեկին չի զեկուցում:
Հարց հնչեց նաև Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից դասալիքների վերաբերյալ հրապարակած 11.000 թվի մասին, որն արդեն իսկ հերքել է Դատախազությունը:
«Հայաստանում կան բազմաթիվ քրեական գործեր՝ հարուցված դասալքության և նման թեմաներով, բայց ես չէի ցանկանա այդ մասին խոսել… Թվեր չեմ ասի»,- ասաց Արգիշտի Քյարամյանը՝ հավելելով՝ չի տիրապետում ինֆորմացիայի, թե որտեղից կարող էր Աննա Հակոբյանին այդ թիվը հասանելի դարձած լինել:
Ինչ վերաբերում է զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ 2022թ. սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կիրառված ոստիկանական բռնության առթիվ հարուցված քրեական վարույթի նախաքննությանը, ՔԿ նախագահն ասաց՝ ծնողներին 4-5 անգամ հրավիրել են, քննարկում ունեցել իրավական ընթացակարգերի ու գործիքակազմերի շրջանակում, սակայն ծնողները երբեմն իրավական դաշտից դուրս են գալիս, վիրավորում են նախաքննական մարմնին:
«Բացարձակ չի համապատասխանում իրականությանը»,-ասաց նա՝ արձագանքելով հարցին, որ ծնողները բողոքում են՝ իրենց հետ ՔԿ-ում և անձամբ Արգիշտի Քյարամյանը լավ չեն վարվել:
Կրկին անդրադառնալով 44-օրյա պատերազմի արդյունքում ունեցած իրողություններին՝ Արգիշտի Քյարամյանն ասաց՝ «ժամանակը կգա, կերևա՝ ով է դավաճան, ով մանրոգի և փոքրոգի՝ գումարով և այլ շահերով հարցեր տվող»:
««5-րդ շարասյուն» կար, ենթադրում եմ՝ հիմա էլ կա, և այդ «5-րդ շարասյան» վերաբերյալ բազմաթիվ գործեր են քննվում: Գործերի մի մասի ընթացքն արդեն իսկ լուծվել է, մի մասը հանրայնացվել է, մի մասը, նախաքննական շահից ելնելով, չի հանրայնացվել, բայց կգա ժամանակը, երբ որ մեր հասարակությունը և հանրությունը կստանան իրենց հուզող հարցերի բոլոր պատասխանները, հստակ կիմանան՝ ովքեր են «5-րդ շարասյան» ներկայացուցիչները, ո՞ւմ և ինչի՞ պատճառով մենք պարտվեցինք, և այդ պարտության հանգամանքները ո՞նց սկսվեցին և ո՞նց ավարտվեցին: Ես դա ձեզ խոստանում եմ»,- ասաց Արգիշտի Քյարամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: