Փաշինյան-Պուտին լարված հեռախոսազանգերից հետո՝ այց Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը հանկարծ որոշեց մասնակցել Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակին նվիրված ՌԴ միջոցառմանը

Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փաշինյանը ներկա է գտնվելու մայիսի 9-ին անցկացվելիք՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված միջոցառումներին: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպման հնարավորության վերաբերյալ ասել էր, թե որոշակի պլաններ քննարկվում են։

«Առայժմ եկեք առաջ չընկնենք, որոշակի պլաններ քննարկվում են, քննարկումների ավարտին մենք համապատասխան հայտարարություն կանենք։ Առայժմ դա վաղաժամ ենք համարում»,- օրերս ասել էր Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հաջորդ շաբաթ պլանավորվո՞ւմ է արդյոք հայ-ռուսական բարձր մակարդակի հանդիպում, կամ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ բանակցություններ։

Իսկ Պեսկովի այս մեկնաբանություններին նախորդել էր Պրահայում նախորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ այս շաբաթ մեկնելու է Մոսկվա՝ առանց նշելու, թե ինչ օրակարգով է գնում, և ինչ հանդիպումներ են նախատեսված։

Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Ռուսաստանում այս տարի անցկացվող միջոցառումներին տարօրինակ է թվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իշխանությունը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը սովորաբար այս տոնը, որի նկատմամբ Ռուսաստանն ունի հատուկ վերաբերմունք և գրեթե ամեն տարի մեծ շուքով տոնում է, շնորհավորում էր ուղերձով, նույնիսկ առանց նախաձեռնելու ՌԴ նախագահի հետ հեռախոսազանգ այն դեպքում, երբ հետսովետական տարածաշրջանում, կարելի է ասել, ավանդույթ է, որ երկրների ղեկավարները կամ մեկնում են Մոսկվա, կամ զանգահարում Պուտինին։ Իր իշխանավարման օրոք Նիկոլ Փաշինյանը մշտապես խախտել է Ռուսաստանի հետ հարաբերությունների այս չգրված օրենքը։ Եվ ՀՀ իշխանությունների վերջին շրջանի արդեն ակնհայտ հակառուսական քաղաքականության, Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի մեկուսացման քաղաքականության ֆոնին զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ընդունել հրավերը։

Սակայն 168am-ի տեղեկություններով, սա իշխանության կողմից պատահական որոշում չէ։

Ամենևին էլ նորություն չենք ասի, եթե նշենք, որ հայ-ռուսական հարաբերություններում լրջագույն խնդիրներ կան։ Սակայն այդ խնդիրներն արդեն տարածվել են նաև պաշտոնական շփումների վրա։ Եթե մինչև վերջերս կողմերը միմյանց թիրախավորում էին առավելապես քարոզչության մակարդակով, հետո՝ որոշ պաշտոնյաների, որոնք Հայաստանից պաշտոնապես Ռուսաստանին մեղադրում են ռազմական ճնշումների և սահմանին բախումների մեջ, ապա ներկայումս հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածությունն իր լուրջ տեղն է գտել նաև Փաշինյան-Պուտին շփումներում և, մասնավորապես, նրանց վերջին հեռախոսազրույցների ընթացքում։

168am-ի մոսկովյան աղբյուրների փոխանցմամբ, Փաշինյան-Պուտին ապրիլ ամսին տեղի ունեցած երկու հեռախոսազրույցներն անցել են բավականին լարված մթնոլորտում։ Խոսքը մասնավորապես ապրիլի 7-ին և ապրիլի 24-ին հայկական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցների մասին է։ Վերջինից հետո նույնիսկ ՀՀ կառավարությունը տարածել էր անբովանդակ հաղորդագրություն, որը ներառում էր ընդամենը մեկ նախադասություն՝ այն դեպքում, երբ ռուսական Kremlin-ru-ի հաղորդագրությունը կրում էր ավանդական պաշտոնական հաղորդագրության տեսք, իսկ նույն օրը կայացած Փաշինյան-Միշել հեռախոսազրույցի հաղորդագրությունը ևս բավականին բովանդակային էր։

Դեռ այդ հեռախոսազրույցից հետո 168am-ը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ զրույցն անցել է տհաճ մթնոլորտում։ Նույն օրը երեկոյան Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույց տվեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է ՌԴ-ին, և ամբողջ պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը։ Նա նաև մեղադրեց Ռուսաստանին հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում տեղի ունեցող բացասական զարգացումների մեջ։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում նույն օրը գրել էր․ «Քիչ առաջ, այսպես կոչված, Հանրայինի եթերում հերթական անգամ պետպատվերի շրջանակներում հյուրընկալվել էր ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որի հարցազրույցի ամբողջ նպատակը կարմիր թելով կրկին հակառուսականության քարոզչությունն էր՝ անգամ «սենսացիոն» հիմնավորումներով:

Ամբողջ հաղորդման ընթացքում նա ուղղակիորեն մեղադրում էր Ռուսաստանին ո՛չ միայն այսօրվա անվտանգային ճգնաժամի, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի, այլև՝ 44-օրյա պատերազմի հրահրման մեջ: Տարակուսանք կարող է առաջացնել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին այսօրվա հեռախոսազրույցից հետո նման հարցազրույցի ձայնագրումն ու ԱԽՔ-ի նմանատիպ պոռթկումը: Կարող ենք ենթադրել, որ հեռախոսազրույցը հարթ չի անցել, մեղմ ասած, և Երևանի իշխանավորները փորձում են Հ1-ի եթերում «ատամ ցույց տալ», ինչն ակնհայտորեն ձախողված դիվանագիտության մասին է վկայում»։

Եվ փաստորեն ապրիլյան լարված հեռախոսազրույցներից և հակառուսական հայտարարությունների շղթայից, առլինգթոնյան քառօրյա բանակցություններից հետո ՀՀ իշխանությունները որոշել են ընդունել մի միջոցառմանը մասնակցելու հրավեր, որից մշտապես խուսափել են վերջին տարիների ընթացքում։ Հատկանշական է, որ Financial Times-ը` վկայակոչելով նախապատրաստական աշխատանքների մասին տեղյակ երեք պաշտոնյաների տեղեկատվությունը, գրել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բանակցություններ կանցկացնեն մայիսի 14-ին Բրյուսելում։

Այսինքն՝ Բրյուսելից առաջ Փաշինյանը մեկնում է Մոսկվա։

Տեսանյութեր

Լրահոս