Գյումրում եզրափակվեց HAY-AT JAZZ փառատոնը
Գյումրու «Ասլամազյան քույրերի պատկերասրահ»-ի բակում, մայիսի 7-ին, Վահագն Հայրապետյանի և Արտյոմ Մանուկյանի կատարումներով եզրափակվեց HAY-AT JAZZ ամենամյա ջազային փառատոնը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Հայը՝ ջազում, ջազը՝ բակում…» ենթախորագրով փառատոնն այս տարի անցկացվում էր 5-րդ անգամ. մայիսի 5-ից սկսած ջազային համերգների հարթակներն էին Գյումրու թանգարանների բակերը։
Համերգի ավարտին Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը շնորհակալություն հայտնեց «Մանուկյան» ընկերությանը և երաժիշտներին՝ այս օրերին քաղաքին ջազային տրամադրություն պարգևելու համար: «Այս անմիջական մթնոլորտն ու բակերն են մեզ ուժ տալիս: Սա հրաշք էներգետիկ դաշտ է»,-համերգի ավարտին իր տպավորությունները փոխանցեց հայտնի ջազմեն Վահագն Հայրապետյանը՝ վստահեցնելով՝ Գյումրի էլի է գալու:
«Սա շատ լավ ավանդույթ է, որը պետք է զարգացնել: Եթե այս փառատոնն այսուհետ ավելի լուրջ աջակցություն ստանա պետության և քաղաքապետարանի կողմից, կարծում եմ՝ աջակցությունը կտա այնպիսի արդյունք, որ անգամ աջակցողները չեն կարող պատկերացնել»,- նշեց «Ջազի հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կամո Մովսեսյանը:
HAY-AT JAZZ-ի գաղափարը ծնվել է 2016 թվականին և կյանքի կոչվել 2017-ին: Ընդմիջում ունեցել է միայն 2018 և 2021 թվականներին: Այս տարի փառատոնն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսավորմամբ և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ: