Բաժիններ՝

Ամենայն Հայոց Հայրապետը հյուրընկալել է Հայկական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին

Մայիսի 7-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայկական համալսարանի շուրջ 150 շրջանավարտների և ուսանողների։

«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ կողմից իրականացվող Հայկական համալսարան ծրագրի համահիմնադիր, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել կրթական կառույցի նպատակները, իրականացվող ծրագրերը և արձանագրված հաջողությունները։ Պրն․Գեղամյանն ընդգծել է նաև, որ կրթությունից զատ համալսարանը նպատակ է հետապնդում ուսանողներին ծանոթացնելու և հաղորդ դարձնելու ազգային արժեքներին։

Իր հայրական սերն ու օրհնությունը բերելով Հայկական համալսարանի շրջանավարտներին և ուսանողներին՝ Նորին Սրբությունը կարևոր է նկատել գիտելիքի փոխանցմանը զուգահեռ հոգևոր, բարոյական արժեքներով դաստիարակությունը։ Ըստ Հայրապետի՝ հոգևոր, բարոյական արժեքներով ձևավորման դեպքում է, որ գիտելիքը մարդուն կարող է պարգևել բարօր և երջանիկ կյանք։

Հանդիպմանը Նորին Սրբությունը, անդրադառնալով հայրենիքի դժվարին իրավիճակին և հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին, կարևորել է հայորդիների հայեցի դաստիարակությունը, ինչի շնորհիվ միայն հնարավոր կլինի դուրս գալ առկա ծանր կացությունից։ Այս ամենում Վեհափառ Հայրապետն էական նկատել է նաև ԲՈւՀ-րի դերակատարությունը՝ զորացնելու երիտասարդների մեջ հայրենասիրության և աստվածսիրության զգացումները։

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մշտապես հայ ժողովրդի մեջ վառ է պահել անկախ պետականության գաղափարը, նաև կարևորել արցախահայության ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանությունը։

Վերջում Նորին Սրբությունը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին հասարակության մեջ քրիստոնեական վարդապետության սկզբունքների կիրառմանը և տեղեկատվական դաշտում ծավալվող քարոզչական գործունեությանը։

Հանդիպումից հետո Հայկական համալսարանի շրջանավարտներն ու ուսանողները Սուրբ Գայանե վանքում մասնակցել են Պատարագի սրբազան արարողությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս