«Երբ Վանո Սիրադեղյանը դուրս եկավ նախագահությունից, ՀՀՇ-ն դարձավ լավագույն դեպքում մի գեղական կլուբ, եթե չասենք աղանդ». Լ.Տեր-Պետրոսյան

«Ինչո՞ւ է այս հարցը ծագել: Ծագել է այն պատճառով, որ ՀԱԿ դաշինքը, կատարելով հսկայական գործ, եթե ոչ արդյունքներով, ապա իր գործողություններով, էներգետիկայով, քաղաքական համալսարան ստեծմամբ, հսկայական զանգվածներ ստեղծելու կարողությամբ, հավասարազոր է ՀՀՇ շարժմանը: Բայց ՀԱԿ դաշինքը որպես այդպիսին այևս գոյություն չունի: Չկա: Մեկ տարի առաջ սկսվել է քայքայման պրոցես»,- ՀՀՇ 18-րդ արտահերթ համագումարի ժամանակ այս մասին իր ելույթում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, (հիշեցնենք, որ այս պահին շարունակվում է քննարկել ՀՀՇ-ն ՀԱԿ կուսակցության անվանափոխելու մասին հարցը):

Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ չի ուզում ՀԱԿ քայքայման պատճառների մեջ մտնել, բայց արձանագրում է այդ փաստը: «Եթե չկա՝ ի՞նչ ունենք: Բոլոր կուսակցությունները ամեն մեկը գնում են իրենց գրասենյակները, այդ թվում՝ ՀՀՇն: Ի՞նչ էր ՀՀՇ-ն մինչև 2007 թվականը: Այն միագիծ, մշտական, նույն արժեքը, ուժը ունեցող չի եղել: Ունեցել ենք  խայտառակ ժամանակաշրջան, հպարտացողներ, դա էլ պետք է չմոռանանք»,- հիշեցրեց նա: Լևոն Տեր-Պետրոսյանը ասաց, որ, երբ Վանո Սիրադեղյանը դուրս եկավ նախագահությունից,  ՀՀՇ-ն «դարձավ լավագույն դեպքում մի գեղական կլուբ, եթե չասենք աղանդ»:

Ըստ նրա՝ 2000-2007 թթ. եղել են ՀՀՇ պատմության ամենախայտառակ շրջանները:

ՀՀ առաջի նախագահը նշեց, որ եթե ՀՀՇ-ն պատմական արժեք է, ուրեմն հիմա զրո է: Նա ասաց, որ այն ազգերը, որոնք հպարտանում են իրենց նախկին պատմությամբ, ուրեմն այսօր արժեք, պատմություն չունեն: «Ես չեմ ուզում, որ ՀՀՇ-ն վերածվի թանգարանի: Նման թանգարանային կուսացություններ արդեն կան: Չեմ ուզում տարիներ հետո հպարտանանք, որ 108 տարվա կուսակցություն ենք»,- մասնավորեցրեց նա՝ հավելելով. «Թող չդիտվի, որ փոքր նախաձեռնող խումբ գալիս են հավասար իրավունքերով միանում են շատ մեծ բանի: Վստահեցնում եմ, որ գալու է մի այնպիսի հզոր կորիզ, որը նոր ավյուն է բերելու: Է՞ս չի ՀՀՇ-ն (նայում է անդամներին- Տ.Մ.): Ամենակրտսերը հիսուն տարեկան է: 95 տոկոսը ավելի մեծահասակ է, քան հիսուն տարեկանը: էս բիձեքով, սենց քյաչալված պետք է ա՞զգ պահենք: Փառք աստծո այս ռեզերվը կա, բայց եթե չլիներ, վիճակվելու էր պատմական կուսակցությունների բախտը»:

Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ եթե ՀԱԿ կուսակցությունը չեղավ, ուրեմն ալընտրանքը անապատ է: Անապատն էլ, չնայած ըստ նրա, անիմաստ չէ. Մովսեսը 40 տարի գնացել է անապատով:

Տեսանյութեր

Լրահոս