Բաժիններ՝

«Մի նկարի, թե չէ՝ գլուխդ կջարդեմ». մամուլ

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը թերթի խմբագրականում գրում է. «Անկախ նրանից, թե ինչպես է ավարտվելու այս հերթական հետրնտրական լարվածությունը, մի բան կարող եմ վստահաբար ասել՝ ես բոլոր դեպքերում շարունակելու եմ աշխատել որպես լրագրող:

Կանխազգալով մեր արմատական ընթերցողների ցասումը՝ կարող եմ ավելացնել նաև՝ վերջին 5 տարում մեր բնագավաոում աշխատելը շատ ավելի հեշտ է դարձել, քան անցյալում: Վստահ եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ, եթե նախագահ դառնա, մեզ չի կաշկանդի: Այդ առումով ես միայն մի մարդուց եմ վտանգ զգում՝ գիտեք, թե ումից:

Եվ չնայած խոսքի ազատության հետ կապված որոշ խնդիրներ լուծվել են, մեկը դեռ կա, և հենց դրա մասին էլ ուզում եմ գրել: Կրիմինալ, կիսակրիմինալ, մայլի խուժան, գողականներ, թաղային հեղինակություններ՝ Հայաստանում մի խավ կա, որը կրում է տարբեր անուններ, բայց որի էությունը նույնն է:

Այդ մարդկանց լուսանկարելը, տեսանկարելը այնքան էլ հեշտ չէ՝ նրանք նստած են իրենց տներում, իրենց թանկանոց ջիպերի ղեկին, ինչպես նաև իրենց նախընտրած քյաբաբնոցներում՝ «մի կտոր հաց ուտելու» նպատակով: Գուցե վերջին դեպքում, ասենք, սպիտակցի Հայկոյի երգերի ներքո այդ կերպարները որոշեն տեսագրել իրենց պարը, բայց այդ տեսագրությունը հանրության սեփականությունը չի դառնա:

Միակ պահը, երբ այդ «զանգվածը» դուրս է գալիս, այսպես ասած, հասարակական ասպարեզ, ընտրություններն են՝ նրանք հանձնաժողովների նախագահներ են, քարտուղարներ, անդամներ, լիազորված անձինք, «ժողովուրդ բերողներ» են, ընտրակաշառք բաժանողներ, շտաբի անդամներ և այլն:

Հինգ տարին մեկ-երկու անգամ նրանք պետք է ծառայեն իշխանություններին, որից հետո կարող են քաշվել իրենց բները ու վայելել իրենց քյաբաբը: Եվ քանի որ մեր ընտրությունները պետք է որ թափանցիկ գործընթաց լինեն (եվրոպացիների պահանջն է), այդ օրը նրանց հնարավոր է նկարահանել: Հնարավո՞ր է: Պարզվում է, այդ հնարավորությունը զուտ տեսական է, որովհետև տեսախցիկը նրանց վրա ազդում է ճիշտ այնպես, ինչպես ցուլի վրա՝ կարմիր շորը:

Թվում է, թե ինչ կա. եթե դու ազնվորեն ու բարեխղճորեն կատարում ես քո պարտականությունները կամ շարքային ընտրող ես, ինչո՞ւ ես կատաղում ու սկսում բղավել՝ «չփորձվես ինձ նկարել, թե չէ՝ հեսա էս կամերան գլխովդ կտամ»: Բայց ոչ՝ դու բարկանում ես, որովհետև մեղավոր ես: Այստեղից էլ լրատվամիջոցներին խոչընդոտելու բազմաթիվ դեպքեր, որտեղ ոստիկանները, բնականաբար, գողականների կողմից են: Դատախազությունն էլ, իհարկե, քննելով այդ գործերը՝ ոչ մի հանցադեպ «չի հայտնաբերում»:

Առաջարկում եմ «Ֆեյսբուքում» բացել «Մի նկարի, թե չէ՝ գլուխդ կջարդեմ» խումբ, որտեղ կզետեղվեն քյաբաբից ուռած բոլոր դեմքերը, որպեսզի մենք ամեն օր ունենանք այդ կերպարները դիտելու հաճույքը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս