«Մի քանի անգամ հանրահավաքներ կանցկացնեն, հետո կամաց-կամաց կմաշվի կգնա»,-համոզված է Վ.Մանուկյանը

Հանրային խորհրդի նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանին խորհուրդ տալու իրավունք չունի, բայց համարում է, որ Ր. Հովհաննիսյանն ունի երկու ճանապարհ՝ ընդունել կեղծիքները, բայց չբողոքարկել ընտրությունների արդյունքները կամ անցկացնել հանհավաքներ՝ պահանջելով, որ իշխանությունը հանձնենեն իրեն:

Առաջին ճանապարհն ընտրելն, ըստ Վազգեն Մանուկյանի, կլինի օրիգինալ էջ, որովհետև 3-րդ հանրապետության պատմության մեջ երբեք չի եղել դեպք, որ թեկնածուն նման քայլի գնա: Բայց քանի որ, Վ. Մանուկյանի խոսքով, Րաֆֆի Հոհաննիսյանն անկեղծ համոզված է, որ հաղթել է, նրա համար շատ դժվար կլինի գնալ արդյունքներն ընդունելու ճանապարհով: «Իր այդ քայլի համար հետագայում, իհարկե, բոլորը կմեղադրեն իրեն, կասեն թե ծախված է: Դրա համար նման քայլի գնալը շատ դժվար է: Չեմ բացառում, նաև, որ արդյունքները ընդունելով, գուցե  հնարավորություն ստեղծվի մարդկանց համախմբվելու նոր դաշտ ստեղծել Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջը»,- նշեց նա:

Իսկ հանրահավաքներ անցկացնելը, Վազգեն Մանուկյանի կարծիքով, այնքան էլ հարմար եղանակ չէ: Նա նշեց, որ ընդհարումներ՝ ինչպես մարտի 1-ի ժամանակ, այս անգամ չեն լինի, որովհետև հասարակության մեջ լարվածությունն էլ այդպիսին չէ, ինչպես 2008-ին էր, իշխանությունն էլ որակական տարբերություն ունի նախորդի համեմատ:

«Մի քանի անգամ հանրահավաքներ կանցկացնեն, հետո կամաց-կամաց կմաշվի կգնա: Հանրահավաքները երբեք ժողովրդին օգուտ չեն բերել: Նախագահական բոլոր ընտրություններից հետո էլ եղել են բողոքներ, ցույցեր, երբեմն արյուն է թափվել, բայց ժողովուրդը սրանից ոչ մի օգուտ չի ստացել: Իսկ այդ թեկնածուն, որը եղել է լիդեր, կորցրել է իր միավորներն ու աստիճանաբար հասել զրոյի: Րաֆֆի Հովհաննիսյանը կհայտարարի, որ տեր է իր ձայներին, որ իշխանությունը կվերցնի, բայց չի կարողանա ու հասարակությունը կրկին կհիասթափվի»,- ասաց Վազգեն Մանուկյանը:

Նա շեշտեց, որ ընտրությունը Րաֆֆի Հովհաննիսյանինն է, որովհետև այս հարցը կապված է ոչ միայն ՀՀ ապագայի, այլև հենց իր անձի հետ:

Տեսանյութեր

Լրահոս