Բաժիններ՝

Լույսերը միաժամանակ են վառվում կամ ընդհանրապես լուսացույցը չի աշխատում. Քաղաքացիները դժգոհում են, քաղաքապետարանը հուսադրում է՝ աշխատանքները սկսվել են

Երևանում պարբերաբար որոշ փողոցների լուսացույցներ չեն աշխատում: Մարդիկ մինչ սովորում են, որ կանաչ լույսը հետիոտնի համար է ու այդ դեպքում միայն փողոց պետք է անցնեն, լուսացույցի գույներն անջատվում են ու կրկին անցնում են «հին մեթոդին»՝ փողոցն ինչպես պատահի հատելուն:

Մեկ շաբաթ աշխատում և փչանում է օրինակ Հյուսիսային պողոտայում գտնվող լուսացույցը:

«Մոտեցա խաչմերուկին, դեդին և կանաչ լույսերը միաժամանակ վառում էին, զարմացած դանդաղեցրեցի, գիծը հատեցի, չորս կողմից լույսերը անջատվեցին, մտա խաչմերուկ՝ պարզվեց կարմիր լույսի տակ եմ մտել Խոսքը 7-րդ մասիվի խաչմերուկի մասին է»,-սոցիալական ցանցում դժգոհել էր քաղաքացիներից մեկը:

«Մարզահամերգային համալիրի մոտ էլ կանաչ և կարմիր լույսերը միաժամանակ են վառվում: Լավագույն դեպքում գալիս, սարքում են, սակայն երկու օրից նույն վիճակն է»,-նշել էր մեկ այլ քաղաքացի:

Կարդացեք նաև

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից խնդրի հետ կապված հայտնեցին, որ արդեն կայացել է մրցույթը, կա հաղթող կազմակերպություն (One click) և արդեն իրականացնում է տեխնիկական սպասարկումը:

«Խնդրահարույց լուսացույցերի հետ կապված որոշակի միջամտություն արդեն արվում է »,-նշեցին Քաղաքապետարանից:

Հավելենք, որ Երևանում կան հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացույցներ, որոնք ևս հաճախ չեն աշխատում:

Լուսացույցները հիմնականում տեղակայվում են կրթական հաստատությունների, մշակութային ու մարզական օջախների, ինչպես նաև առողջապահական կազմակերպությունների հարևանությամբ:

Տեսանյութեր

Լրահոս