Բաքուն մոտ ապագայում ակնկալում է առաջընթաց Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացում

Վաշինգտոնում գտնվող վերլուծական կենտրոնի «Հադսոն» ինստիտուտի ավագ գիտաշխատող Մայքլ Դորանի կազմակերպած քննարկման ընթացքում Ադրբեջանի առաջին փոխնախագահի օգնական Էլչին Ամիրբեկովը ասել է, թե ուզում են հավատալ, որ Բաքվի և Երևանի միջև դադարեցված խաղաղության գործընթացը շատ շուտով կվերսկսվի, և ադրբեջանական կողմը մոտ օրերս ակնկալում է որոշակի առաջընթաց։

«Ինտերֆաքս-Ազերբայջան»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանցի պաշտոնյան ասել է նաև, որ «շատ շուտով մենք լավ նորություններ կունենանք այս հարցում»։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ճեպազրույցում ասել էր, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ անցկացնելու հրավեր է ուղարկել կողմերին: «Մենք մեծապես աջակցում ենք ԵՄ գործընթացին, և պետք է նշեմ, որ Եվրոպական խորհրդի նախագահ Միշելի կողմից առաջարկ կա՝ հյուրընկալել կողմերին Բրյուսելում։ Դա հնարավորություն է, եթե նրանք ընդունեն այն, բանակցել՝ շարունակելու այն առաջընթացը, որը մենք տեսել ենք վերջին շաբաթների ընթացքում»,- ասել է Նեդ Փրայսը: ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ, ըստ իր տեղեկությունների, կողմերին հրավեր է ուղարկվել և հնարավորություն է տրվել Բրյուսելում հանդիպում անցկացնելու համար:

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս