Ինչո՞ւ Չավուշօղլուն չդիմավորեց Միրզոյանին օդանավակայանում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անակնկալ այցը Թուրքիա: Նախօրեին ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը տեղեկացրեց, որ այցի ընթացքում Միրզոյանը երկրաշարժից տուժած Ադիյաման քաղաքում կհանդիպի որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ փրկարարական խմբին, ինչպես նաև Անկարայում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Թուրքիայի ԱԳ նախարարության փոխանցմամբ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2023 թվականի փետրվարի 15-ին կայցելի Թուրքիա՝ երկրին համերաշխություն հայտնելու և երկրաշարժերից հետո իր ցավակցությունները հայտնելու նպատակով։
Մինչ այս ՀՀ իշխանություններն արդեն Նիկոլ Փաշինյանի մակարդակով ցավակցություն էին հայտնել Էրդողանին հեռախոսազրույցի ընթացքում, ապա փրկարարներ են ուղարկել աղետի գոտի, ինչպես նաև հումանիտար բեռի երկու խմբաքանակ, որոնցից վերջինը՝ այսօր:
Մեկ ժամ առաջ հայտնի դարձավ, որ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը վայրէջք է կատարել Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Նրա պատվիրակության կազմում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Հատկապես ուշագրավը, սակայն, այն է, որ ՀՀ իշխանությունների իրար հերթ չտվող այս «ջերմագին» քայլերին ի պատասխան՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնիսկ հարկ չհամարեց օդանավակայանում դիմավորել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, ով հատուկ մեկնել է Թուրքիա՝ այդ երկրին ցավակցություն հայտնելու նպատակով:
Հայաստանյան պատվիրակությանը դիմավորեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Ի դեպ, Չավուշօղլուն օրերս օդանավակայանում անձամբ ջերմորեն և գրկախառնություններով դիմավորել էր Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասին, ով լինելով Թուրքիայի հետ հակամարտության մեջ գտնվող երկրի ԱԳ նախարար, նման քայլ արեց և մեկնեց Թուրքիա: Այդ այցի ընթացքում Չավուշօղլուն Դենդիասին ուղեկցել էր օդանավով դեպի աղետի գոտի:
Գուցե ՀՀ ԱԳ նախարարը Դենդիասի այցի էֆեկտը փորձեց կրկնել, սակայն չստացավ նույն ջերմ պատասխանը, ինչ Հունաստանի ԱԳ նախարարը:
Այս դրվագը լավագույնս ցուցադրում է, թե ինչ վերաբերմունք ունի Թուրքիան ՀՀ իշխանությունների նկատմամբ նույնիսկ մի իրավիճակում, երբ նրանք իրար հետևից աննախադեպ հումանիտար քայլերով են հանդես գալիս Թուրքիայի հանդեպ: