Մոսկվան դեմ չէ Երևանի ու Բաքվի միջև Թբիլիսիի միջնորդությանը, եթե դրա ետևում Վաշինգտոնն ու Բրյուսելը չեն․ Զախարովա
«Կողմ ենք ցանկացած ձևաչափի, որը կարող է ամրապնդել ռեգիոնի անվտանգությունն ու կայունությունը»,- այս մասին այսօր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հայտնելով ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը Երևան-Թբիլիսի-Բաքու հնարավոր պլատֆորմի վերաբերյալ։
Զախարովայի խոսքով՝ իրենք ելնում են նրանից, որ յուրաքանչյուր երկիր ազատ է մասնակցել այն միջազգային ձևաչափերին, որոնք համապատասխանում են երկրի շահերին ու որոնք ուղղված չեն երրորդ երկրների դեմ, որոնք հաշվի են առնում ներկայումս առկա ուժային հավասարակշռությունը։
Ըստ նրա, եթե եռակողմ՝ Երևան-Թբիլիսի-Բաքու երկխոսությունը նպաստի Կովկասում տարաձայնությունների հաղթահարմանը, կայունության ու անվտանգության ամրապնդմանը, ապա ՌԴ-ն այն կարող է միայն ողջունել։
«Իսկ եթե այս նախաձեռնության ետևում են Վաշինգտոնի ու Բրյուսելի կոնտուրները, որոնք ձգտում են տապալել Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների պայմանավորվածությունները, ապա դա լիովին այլ պատմություն է»,- ասաց Զախարովան։
Ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի այցին Երևան՝ Զախարովան ասաց, որ ՌԴ ԱԳՆ-ն այդ այցի վերաբերյալ այցի ավարտից հետո տեղեկատվություն կտրամադրի։
Նա նշեց, որ տեղեկություն կտրամադրեն նաև դիվանագետի հետագա գրաֆիկի մասին։