Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Անջեյ Դուդայի հետ
Մի շարք արտասահմանյան այցերի ավարտից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լեհաստանի Ժեշուվ քաղաքում հանդիպել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի նախագահի կայքը:
Ուկրաինայի ղեկավարն իր լեհ գործընկերոջը տեղեկացրել է ռազմաճակատում տիրող իրավիճակի և առաջիկայում իրավիճակի զարգացման կանխատեսումների մասին։ Վլադիմիր Զելենսկին խոսել է Ուկրաինայի ներկայիս պաշտպանական կարիքների և ուկրաինական բանակի հզորացմանն ուղղված իր քայլերի մասին։
Ղեկավարները քննարկել են պաշտպանական ոլորտում հետագա համագործակցության և համատեղ դիվանագիտական քայլերը։
Վլադիմիր Զելենսկին խոսել է նաև Բրյուսել կատարած այցի մասին և ընդգծել ԵՄ-ին արդեն այս տարի Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու կարևորությունը ։ Ըստ Ուկրաինայի նախագահի՝ «դա կարևոր շարժառիթ կլիներ ուկրաինական հասարակության և բանակի համար, որոնք անցնում են դժվարին մարտահրավերների միջով»։
Հիշեցնենք՝ փետրվարի 8-ին Վլադիմիր Զելենսկին մեկնել էր Մեծ Բրիտանիա, որտեղ վարչապետ Ռիշի Սունակի հետ հանդիպումից հետո ելույթ էր ունեցել Բրիտանիայի խորհրդարանում: Այնուհետև Զելենսկին մեկնել էր Փարիզ, որտեղ հանդիպել էր Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների հետ: Փարիզից հետո Զելենսկին մեկնել էր Բրյուսել և մասնակցել ԵՄ գագաթնաժողովին՝ որպես պատվավոր հյուր: