Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզում իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ

Փետրվարի 7-ի լույս 8-ի գիշերը ձյան տեղումներ են գրանցվել Գեղարքունիքի մարզի բոլոր համայնքներում, ինչի հետեւանքով դժվարանցանելի վիճակ է ստեղծվել մարզի ճանապարհներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, ձյան շերտը կազմել է 5-10, առանձին հատվածներում՝ 15-20 սանտիմետր։ Ճանապարհները սպասարկող կազմակերպությունները գիշերային ժամերին սկսել են մաքրման եւ մշակման աշխատանքները, որոնք շարունակվում են նաեւ ցերեկվա ընթացքում։ Փետրվարի 8-ի ժամը 12:00-ից Գեղարքունիքի մարզում անցանելի են միջպետական, հանրապետական, մարզային եւ համայնքային նշանակության բոլոր ճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքում Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհը գիշերային ժամերին փակվել էր ձյան առատ տեղումների եւ սաստիկ բքերի պատճառով։ Սպասարկող կազմակերպության կողմից փետրվարի 8-ի առավոտյան հաջողվել է ապահովել ճանապարհի անցանելիությունը, իսկ այժմ իրականացվում են ճանապարհի մաքրման եւ լայնացման աշխատանքներ։ Այս պահի դրությամբ Վարդենյաց լեռնանցքը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար, բացառությամբ կցորդիչով աշխատող բեռնատարների։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս