Երևանում մասնատված դիակի փաստով հարուցվել է քրգործ՝ սպանության հատկանիշներով
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնի ավագ քննիչ Նորայր Հարությունյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 16-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ քննչական խումբը Դավիթ Բեկի 100/1 հասցեին հարակից ձորում հայտնաբերել էր տղամարդու մասնատված դի:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր, որ այդ պահին հայտնաբերվել էին ոտքերն ու ձեռքերը՝ ձորի տարբեր կողմերում և ոստիկանության փորձաքրեագիտական կենտրոնի աշխատակիցները տեղանքում որոնողահետախուզական աշխատանքներ էին կատարում, քանի որ կասկածներ կան, որ հնարավոր է` մարմնի մյուս մասերն էլ հայտնաբերվեն նշված հատվածում:
Աշխատանքները ղեկավարում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր-Նորքի քննչական բաժնի պետ Մհեր Վարդանյանը:
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայր էին ժամանել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության պետ Գևորգ Գևորգյանը և Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ:
Դեռևս ոստիկանությունը չի կարող հայտնել մասնատված դիակի ինքնությունը:
Ավագ քննիչի որոշմամբ նշանակվել են նաև մի շարք փորձաքննություններ, և Ոստիկանությունը մի քանի վարկածների ուղղությամբ է աշխատում, այդ թվում՝ դիտավորյալ սպանություն կամ հնարավոր է տղամարդը հարձակման է ենթարկվել կենդանիների կողմից: