Իրանի քաղաքացիների հանդեպ խուլիգանություն կատարելու համար դատապարտվեցին տուգանքի

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սամվել Ասատրյանի նախագահությամբ՝  ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական արարքի մեջ մեղադրվող մի խումբ անձանց դատապարտել է կալանքի:

Անդրանիկ  Բաղդասարյանը դատավճռով  հանցավոր է  ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել տուգանքի ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի՝ 300 000 դրամի չափով, որի վճարման ժամկետ է  սահմանվել 6  ամիս՝ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:

Լիպարիտ  Մարգարյանն ու Գևորգ Խազմալյանը նույնպես հանցավոր են ճանաչվել նույն մեղադրանքում և դատապարտվել տուգանքի ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի՝ 500 000  դրամի չափով: Վճարման ժամկետ է  սահմանվել 6  ամիս՝  դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

Ըստ մեղադրանքի, 2012թ. օգոստոսի 18-ին  ժամը 19.00-ի սահմաններում Անդրանիկ Բաղդասարյանը Լ.Մարգարյանի և Գ. Խազմալյանի հետ, Սևանի թերակղզու հարավային հատվածում, կատարել են  խուլիգանություն, այն է՝ «դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, 10-15 րոպե վիճաբանել է Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացիներ Փ.Մ. Սաջադիի, Է. Մ. Հասան Սիյամի և Բ. Վ. Էբրահիմզադեի հետ, որի ընթացքում հայհոյանքներ է տվել նրանց հասցեին ու ծեծի ենթարկել նրանց՝ Փ. Սաջադիի և Է. Սիյամի առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումուվ, իսկ Բ. Էբրահիմզադեի առողջությանը՝ թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք»։

Ամբաստանյալներ Անդրանիկ  Բաղդասարյանի, Լիպարիտ  Մարգարյանի և Գևորգ  Խազմալյանի  միջնորդությամբ, գործը քննվել է արագացված դատաքննության կարգով՝ ամբաստանյալները  հայտնել էին, որ համաձայն են իրենց առաջադրված մեղադրանքի հետ, առաջադրված մեղադրանքում իրենց լիովին մեղավոր են ճանաչում:

Տեսանյութեր

Լրահոս