Էպոսագետ Սեդրակյանի աստվածային էության, Թուր Կեծակին հետ բերելու մտադրության և Քուռկիկ Ջալալիի բացակայության մասին

Իրեն էպոսագետ հռչակած, նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանն անընդհատ կրկնում է, որ ինքը եղել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի համակուրսեցին, եղել է նրա խորհրդականը 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ, ծանոթ է եղել Վազգեն Սարգսյանի հետ:

Դրանով Վարդան Սեդրակյանն իր համար քաղաքական կենսագրություն է ստեղծում` փորձելով ցույց տալ, որ ինքը չի հայտնվել այնհայտությունից, և մինչև նախագահի թեկնածու առաջադրվելը եղել է քաղաքականության մեջ: Որքանո՞վ են նրա պնդումները համապատասխանում իրականությանը, և որքանո՞վ նա կապ ունի Սարգսյանների հետ:

Արամ Սարգսյանի մտերիմներից մեկը, ով չցանկացավ հրապարակել իր անունը, մի քանի ուշագրավ մանրամասներ պատմեց Արամ Սարգսյանի և Վարդան Սեդրակյանի «մտերմությունից»: Նա հաստատեց, որ իսկապես Արամ Սարգսյանը և Վարդան Սեդրակյանը սովորել են Պոլիտեխնիկական ինստիտուտում` միևնույն կուրսում: Բայց նրանք համակուրսեցիներ են եղել ընդամենը մեկ տարի՝ առաջին կուրսում, քանի որ Վարդան Սեդրակյանը զորակոչվել է բանակ և ուսումը շարունակել միայն երեք տարի անց:

Բանակից վերադառնալուց հետո Վարդան Սեդրակյանը ոչ միայն շարունակել է ուսումը Պոլիտեխնիկական ինստիտուտում, այլ նաև ստեղծագործել է: Նա մի վիպակ է գրել, որը փորձել է տպագրել «Գարուն» ամսագրում, և այդ հարցով դիմել է Արամ Սարգսյանին, որպեսզի վերջինս միջնորդի իր եղբորը՝ Վազգեն Սարգսյանին, ով այդ ժամանակ աշխատում էր «Գարունում»: Մեր զրուցակիցը գիտեր, որ Արամ Սարգսյանը միջնորդել է, սակայն չգիտեր, թե ինչ ճակատագիր է ունեցել Վարդան Սեդրակյանի վիպակը: Դատելով նրանից, որ Վարդան Սեդրակյանը ոչ թե վիպասան, այլ էպոսագետ դարձավ, կարելի է ենթադրել, որ նրա առաջին գրական ստեղծագործությունը լայն ընդունելություն չի գտել ընթերցասեր հասարակության կողմից:

Երկրորդ անգամ Վարդան Սեդրակյան-Վազգեն Սարգսյան ոչ անմիջական, այլ խիստ միջնորդավորված շփումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սեդրակյանը Սարգսյանների բնակարան է տարել մի գրություն և այն հանձնել Արամ Սարգսյանի կնոջը, ով նույնպես իր համակուրսեցին է եղել, քանի որ Արամ Սարգսյանը ամուսնացել է իր համակուրսեցու հետ: Սեդրակյանը խնդրել է նամակը փոխանցել Արամ Սարգսյանին, որպեսզի նա էլ այն փոխանցի Վազգեն Սարգսյանին:

Քանի որ Սարգսյանների տուն օրական այդպիսի տասնյակ նամակներ էին բերում, որոնցից ոչ բոլորն էին հասնում Վազգեն Սարգսյանին, այս մի նամակն էլ արժանանում է չընթերցված հազարավոր նամակների ճակատագրին: 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո Վարդան Սեդրակյանը հայտարարում է, որ այդ նամակում ինքը կանխորոշել էր դեպքերի նման ընթացքը, և դա արել էր, հիմնվելով էպոսի՝ «Սասունցի Դավթի» վրա: Կարելի է հասկանալ, որ Սեդրակյանն այդ շրջանում արդեն զբաղվում էր էպոսով և էպոսագետ էր: Քանի որ, ոչ ոք այդ նամակը չի կարդացել և դրա բովանդակությունը գիտի միայն գրողը՝ Վարդան Սեդրակյանը, որևէ մեկը չի կարող ասել, թե ինչ է եղել այնտեղ գրված:

Վերջին անգամ Արամ Սարգսյանը և Վարդան Սեդրակյանը հանդիպել են 2003թ. նախագահական ընտրություններից առաջ: Մեր զրուցակիցը պատմում է, որ իրեն զգուշացրել էին, թե Վարդան Սեդրակյանը մտադիր է սպանել Արամ Սարգսյանին, և պետք է ամեն ինչ անել, որպեսզի կանխեն նրանց հանդիպումը: Արամ Սարգսյանը պատահականորեն տեղեկանում է, որ Սեդրակյանին ներս չեն թողնում կուսակցության գրասենյակ, զգուշանալով, որ նա կարող է սպանել իրեն:

Սարգսյանը հրահանգում է ներս թողնել Սեդրակյանին և նրան պատմում է, թե ինչու են իր մտերիմները խոչընդոտել նրա մուտքը կուսակցության գրասենյակ: Սեդրակյանը դրանից հետո այլևս չի գնում «Հանրապետություն» կուսակցության գրասենյակ, թերևս, վիրավորվելով, որ իրեն կարող են մեղադրել սպանություն իրականացնելու մտադրության մեջ: Ահա և այն բոլոր շփումները, որ ունեցել է Վարդան Սեդրակյանը Վազգեն և Արամ Սարգսյանների հետ:

Բայց կան ավելի հետաքրքիր փաստեր, որոնք պատմեցին մեր զրուցակիցները Վարդան Սեդրակյանի մասին և դրանք մի փոքր ամբողջացնում են նրա կերպարը: Հայտնի է, որ Վարդան Սեդրակյանն իրեն համարում է Փոքր Մհերը, ով դուրս է եկել Ագռավաքարից և պետք է փրկի հայությանը ու գուցե ամբողջ մարդկությանը: Մեր զրուցակիցները պատմում են, որ նա իրեն ներկայացնելով որպես փրկիչ, ավելի արժանահավատ լինելու համար` միաժամանակ հայտարարում է, որ ինքը ոչ թե իր հոր որդին է, այլ աներևույթ մի էակի:

Այսինքն` Վարդան Սեդրակյանը մինչև նախագահի թեկնածու առաջադրվելը փորձել է ապացուցել, որ ինքը ոչ թե մարդկային, այլ, ինչ-որ տեղ, աստվածային սկիզբ ունի: Թե ինչու նա դրա մասին չի հայտարարում իր մամուլի ասուլիսների ժամանակ, դժվար է հասկանալ: Թերևս նա մտածել է, որ այդ դեպքում իրեն կարող են չգրանցել նախագահի թեկնածու: Մյուս կողմից` եթե նա փրկելու է հայ ժողովրդին, ապա անհասկանալի է մնում, թե ինչպես պետք է դա անի, եթե չկա Թուր Կեծակին, որն էպոսում փոխանցվում էր սերնդից սերունդ: Մեր զրուցակիցները պատմում են, որ Վարդան Սեդրակյանը հայտարարել է, թե ինքը գիտի` որտեղ է գտնվում Թուր Կեծակին: Ըստ նրա` այն անհայտ ճանապարհով հայտնվել է Մեծ Բրիտանիայում, և Անգլիայի թագավոր Արթուրը պատերազմի է գնացել հենց Թուր Կեծակիով, ու նրա բոլոր սխրագործությունների հիմքը հենց թրի զորությամբ է պայմանավորված:

Սեդրակյանը վստահեցրել է, որ ինքը հետ է բերելու Թուր Կեծակին: Անհայտ է մնում Քուռկիկ Ջալալիի բացակայության հանգամանքը, բայց պետք է չմոռանալ, որ Վարդան Սեդրակյանը «Ռենջ Ռովեր» ունի, որը, թեև չի կարող փոխարինել Քուռկիկ Ջալալիին, բայց, եթե ձեռքիդ Թուր Կեծակին է, «Ռենջ Ռովերն» էլ կարող է նպատակակետին հասցնել:

Հայ ժողովուրդը բազմաթիվ փորձություններ է հաղթահարել, հույս ունենանք, որ այս մեկն էլ կհաղթահարի: Ի վերջո, ամեն ինչ կարող էր շատ ավելի վատ լինել:

Տեսանյութեր

Լրահոս