Խոշոր ավտովթար՝ Աշտարակի կամրջին. բեռնատարը գլխիվայր շրջվել է, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)
Այսօր՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Անուշավան Սիմոնյանը, վարելով «ՄԱԶ 504» մակնիշի 274 ՏՍ 43 համարանիշի բեռնատար ավտոմեքենան, Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում՝ Աշտարակ մտնող կամրջի վրա, կողաշրջվել է: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենայում բարձված ծանր քաշով երկաթները շրջվել և փակել են ճանապարհահատվածը: Երկաթների մի քանի հսկայական կտորներ կոտրել են կամրջի բետոնե և երկաթե արգելապատնեշները և մոտ 10մ կամրջից ընկել Երևան-Գյումրի ավտոճանապարհի գլխավոր ավտոմայրուղու վրա: Բարեբախտաբար, այդ պահին կամրջի տակ ոչ ոք չի եղել:
Նշվում է, որ բեռնատարը հաշվառված է Կոտայքի մարզում գրանցված «Կամրջշին» Փակ բաժնետիրական ընկերության հաշվեկշռում: