«Պարույր Հայրիկյանն էլ էպոսի հերոսն ինքն էր»

ՀՀ նախագահի  նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը չի հավատում, որ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը կարող է կապ ունենալ նախագահի մեկ այլ թեկնածուի` Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի հետ:

«Ինձ չեն կարող ապացուցել, որ Վարդան Սեդրակյանը նման բան կարող էր անել: Ես որևէ տրամաբանություն, խելամիտ բան չեմ տեսնում: Որևէ մեկն ինձ կարո՞ղ է բացատրել, թե Վարդանի ինչի՞ն էր պետք Հայրիկյանին էդպիսի բան աներ, մանավանդ, որ մինչ այդ իրենց մեջ որևէ այդպիսի խնդիր չի եղել, ամեն մեկն իր քարոզարշավը տանում էր: Վարդան Սեդրակյանը «Սասունցի Դավիթ» էպոսի շրջանակներում էր, Պարույր Հայրիկյանն էլ էպոսի հերոսն ինքն էր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը:

Այն, որ  գործով ձերբակալված Սամվել Հարությունյանը վերանորոգել է Վարդան Սեդրակյանի ամառանոցը, իսկ մյուս ձերբակալված Խաչատուր Պողոսյանն այդ ընթացքում եղել է նրա վարորդը, Արամ Հարությունյանի կարծիքով՝ կարող է պատահականություն լինել: Արամ Հարությունյանի խոսքով՝ ձերբակալվածները կյանքի բերումով, հնարավոր է, որ շատ մարդկանց հետ են շփվել, դա ենթադրություն անելու հիմք չէ, կարևորը մոտիվացիան է, որն, ըստ Արամ Հարությունյանի՝ չկա:

Այն հարցին, թե  ինչո՞վ են իշխանությունները շահագրգռված, որպեսզի որպես զոհ ընտրեն Վարդան Սեդրակյանին, Արամ Հարությունյանը պատասխանեց, թե դժվար է իշխանությունների գործողությունների տրամաբանությունը գտնել: Արամ Հարությունյանը չբացառեց,  որ իշխանությունները  բարդ իրավիճակի մեջ են հայտնվել  ընտրություններից հետո «շնորհավորող թեկնածուի» փնտրտուքի ճանապարհին: Բացառված չէ, որ այս «օպերացիան» այդ շրջանակում է: Արամ Հարությունյանի համար ակնհայտ է մի բան, որ իշխանությունը, Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձին քաղաքական երանգ հաղորդելով, հիմա պետք է փորձի բացատրություններ գտնել: «Այն, որ իշխանությունները հիմար վիճակի մեջ են հայտնվել, դա պարզ է: Կրակն են ընկել այդ մահափորձի ձեռքը»,- ասաց Արամ Հարությունյանը:

Հարցին, թե հավանական համարո՞ւմ է, որ  նախագահական ընտրություններից հետո Վարդան Սեդրակյանին կձերբակալեն, ինչպես ինքը՝ էպոսագետն է պնդում, Արամ Հարությունյանը պատասխանեց, որ գուցե ճնշումներ են եղել նրա վրա, և Վարդան Սեդրակյանը հիմքեր ունի նման հայտարարություն անելու:

Տեսանյութեր

Լրահոս