«Հայանտառ»-ի կենտրոնական պահեստի պահեստապետը մեղադրվում է խոշոր չափերով յուրացման համար
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստի պահեստապետ, Լոռու մարզի Շնող գյուղի բնակիչ Սամվել Բեկթաշյանը մեղադրվում է խոշոր չափերով յուրացման համար:
Քննությամբ պարզվել է, որ նա աշխատելով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի կենտրոնական պահեստի պահեստապետ և հանդիսանալով կազմակերպական- տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, 2011թ. դեկտեմբերի 30-ից 2012թ. օգոստոսի 7-ը ժամանակահատվածում կատարել է խոշոր չափերով յուրացում և պաշտոնեական կեղծիք: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, այսինքն` պաշտոնեական դիրքն օգտագործելով և խոշոր չափերով յուրացման համար, ինչպես նաև 314-րդ հոդվածով («Պաշտոնեական կեղծիքը»):
Նույն քրեական գործի շրջանակներում ՀՀ քր. օր.-ի 314-րդ հոդվածով մեղադրանք է առաջադրվել նաև Լոռու մարզի Ախթալա քաղաքի բնակիչ Սեդա Վլասովային: Մեղադրական եզրակացության համաձայն` նա նույնպես հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք:
Քրեական գործի նյութերի համաձայն` Սեդա Վլասովային և Սամվել Բեկթաշյանին համոզելու միջոցով կեղծիքի կատարման է դրդել Շնողի բնակիչ Արամ Ռամազյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-314-րդ հոդվածի (պաշտոնեական կեղծիքի դրդչության) հատկանիշով: