Անդրիաս Ղուկասյանը Աշոտյանից պահանջում է ներողություն խնդրել

ՀՀ նախագահի թեկնածու, 22-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Անդրիաս Ղուկասյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախընտրել է չպատասխանել ինքնազգացողության, իր առողջական վիճակի հետ կապված հարցերին: Թեկնածուն, սակայն անդրադարձել է այսօր ՀՀ Առողջապահության նախարարության կողմից իրականացված բժշկական անալիզներին: Թեկնածուն, հիշեցնելով ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումն այն մասին, որ  «Անդրիաս Ղուկասյանի հացադուլը ռեալիթի շոու է», հայտարարել է. «Եթե իշխող կուսակցությունը, այդ թվում՝ Արմեն Աշոտյանը, ընդունեն և բացահայտ ասեն, որ ռեալիթի շոու չէ, այս դեպքում ես կհամագործակցեմ Առողջապահության նախարարության հետ ու ավելի լուրջ կդիտարկեմ իրենց կողմից ներկայացրած պահանջները, որոնք այս պահին ես լուրջ չեմ ընդունում: Առողջապահության նախարարը ևս այդ թիմից է, որի մյուս նախարարն ասել է, թե սա ռեալիթի շոու է: Եթե ռեալիթի  շոու է, ապա էլ ի՞նչ Առողջապահության նախարարության հորդորի մասին է խոսքը»:

Թեկնածուն ընդգծել է, որ մինչև Արմեն Աշոտյանը ներողություն չխնդրի իր այդ գրառման համար, ինքը Առողջապահության նախարարության հետ չի համագործակցի ու չի ենթարկվի որևէի հարկադրանքի:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրած իր դիմումի մերժմանը, ըստ որի՝ Ա. Ղուկասյանը պահանջում էր, որպեսզի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզչական տեսահոլովակից հանվեն իր և իր համակիրների պատկերները, հնարավո՞ր է, որ նա էլ Սերժ Սարգսյանի պատկերն օգտագործի իր քարոզչանյութերի մեջ, Ա. Ղուկասյանը պատասխանել է. «Նման ցանկություն կար, բայց Սարգսյանն այնպիսի կրակոտ ընտրարշավ է անցկացնում, որ դրա կարիքը չկա: Նա այնպիսի լավ է դա անում, որ իմ թիմի PR պատասխանատուները հանձնվում են (ծիծաղում է,-Տ.Մ.)»,-պատասխանել է թեկնածուն:

Տեսանյութեր

Լրահոս