«ՀԱԿ-ի անդամների գերակշռող մասը միշտ դեմ է եղել նման նախաձեռնությանը»

«Առաջին նախագահն առանց ՀՀԿ-ի ապօրինի աջակցության՝ չի կարող ՀԱԿ-ը վերակազմավորել նոր քաղաքական միավորի, քանի որ ո՛չ այդ հնարավորությունը ունի, և ո՛չ էլ համապատասխան ՀԱԿ-ային փաստաթղթեր:  Ավելին, ՀԱԿ-ի անդամների գերակշռող մասը միշտ դեմ է եղել նման նախաձեռնությանը՝ կուսակցության վերածմանը, այդ թվում և մենք՝ «Մարդու իրավունքներ-96»-ը: Այսինքն՝ այս պայմաններում անգամ Սերժ Սարգսյանի ֆանտազիան չի օգնի այդ նախաձեռնության իրականացմանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց  «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը:

Նրա կարծիքով, իրականում այդ նախաձեռնությունը նշանակում է ՀՀՇ-ի և ՀԺԿ-ի միավորում, որի հետ իրենք գործ չունեն: Ռուբեն Թորոսյանը նշեց նաև, թե ո՛վ կարող է լինել նորաստեղծ կուսակցության ղեկավարը:  «Լավ կլինի, որ այդ նոր կուսակցության ղեկավարը Գագիկ Ջհանգիրյանը լինի, կամ ԲՀԿ-ից որևէ մեկին բերեն: Այ, այդ դեպքում, ամեն ինչ իր տեղը կընկնի վերջնականապես»,- նկատեց  «Մարդու իրավունքներ-96»-ի նախագահը:

Ինչ վերաբերում է իր ղեկավարած կուսակցության հետագա գործողություններին, ապա, Ռուբեն Թորոսյանի խոսքերով՝ իրենց կուսակցությունը կշարունակի գործել ՀԱԿ-ի շրջանակներում ( իբրև Երևանի ավագանու ՀԱԿ խմբակցություն) և կփորձի վերադարձնել ՀԱԿ-ի հռչակագրային հեղինակությունը, քանի որ նրա ստեղծման պատճառները դեռևս կան: «Հսկայական պոտենցիալ կա հռչակագրային ՀԱԿ-ում, ի՞նչ վատ կլինի, որ այն նորից վերականգնվի, նորից եմ կրկնում՝ քանի որ նրա ստեղծման հիմքերը մնում են: ՀԱԿ-ից հեռանալու միակ ճանապարհն այն է, որ հայտարարվի՝ հետ եմ վերցնում ստորագրությունս հայտնի Հռչակագրից, իսկ առայժմ որևէ մեկը դա չի անում, ես՝ նույնպես»,- նշեց մեր զրուցակիցը:

Ռուբեն Թորոսյանը շեշտեց, որ այսօր ՀԱԿ-ի անունից  հանդես է եկել Կենտրոնական գրասենյակը, իսկ Կենտրոնական գրասենյակն՝  իբրև Կոնգրես, ներկայացրել է Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս