ՄԻՊ-ը ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին ներկայացրել է ադրբեջանցիների կողմից հայ զինծառայողների և ռազմագերիների խոշտանգումները
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը նոյեմբերի 7-ին Բրյուսելում մասնակցել է ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության նիստին։
Ինչպես հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից, Պաշտպանն իր խոսքում ներկայացրել է հաստատության հետևությունները Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի, մարտահրավերների ու հնարավորությունների մասին։
Գրիգորյանը ներկայացրել է 2022 թ.–ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման հետևանքով մարդու իրավունքների կոպիտ խախտումները. քաղաքացիական բնակչության ու կենսական ենթակառուցվածքների ուղղակի թիրախավորումը, հայ զինծառայողների և ռազմագերիների խոշտանգումները, անմարդկային ու վատ վերաբերմունքի դեպքերը, ինչպես նաև՝ Պաշտպանի կողմից հրապարակված արտահերթ զեկույցներում արձանագրված փաստերը:
ՀՀ-ում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ թեմատիկ նիստերի շրջանակներում Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության և դրանից բխող 2020-2022 թթ. գործողությունների ծրագրի իրականացման արդյունքներին, վերջինիս մոնիթորինգի և գնահատման մեխանիզմների բարելավման կարևորությանը նոր՝ 2023-2025 թթ. ԳԾ-ի շրջանակներում, տեղական ընտրությունների խնդիրներին, խոսքի ազատության ու հավաքների ազատության ապահովման հիմնական մարտահրավերներին, վերջինիս ընթացքում ատելության խոսքի ու անհանդուրժողականության մթնոլորտին, խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունման անհրաժեշտությանը, ընտանիքում բռնության դեմ պայքարին, քրեակատարողական հիմնարկներում առողջության պահպանման իրավունքի խնդիրներին, նոր քրեական և քրեական դատավարության օրենսգրքի կիրառմանն առնչվող հիմնահարցերին:
Եվրոպական միության ներկայացուցիչները վերահաստատել են ԵՄ հանձնառությունը՝ շարունակել աջակցել Պաշտպանի հաստատության գործունեությանը, այդ թվում՝ աշխատակազմի կարողությունների զարգացման միջոցով:
Իր խոսքում Պաշտպանը խոսել է նաև Պաշտպանին կից Կանանց իրավունքների պաշտպանության և Երեխաների ու երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհուրդների ստեղծման ու հիմնական նպատակների մասին: