Նոր Գեղամյան, Բաղդասարյան ու Մանուկյան

«Եթե համարենք, որ իմ առաքելությունը Սերժ Սարգսյանին քվեաթերթիկում մենակ թողնելն էր, ապա պետք է ասեմ, որ դրան զուգահեռ կարևորում էի նախ ասել, որ  իրականում Հայաստանում ինչ իրավիճակ է ստեղծվել, և  ինչպիսին են ընտրությունները: Քանի որ մինչ առաջադրումները մի քանի ուժերի նկատմամբ  եղել են անհաղթահարելի խոչընդոտներ, ապա իսկզբանե այս ընտրությունները չէին կարող լինել օրինական: Հիմա, ըստ էության, նաև քաղաքական դաշտի զտում է գնում, ճշտվում է, թե ով որտեղ է գտնվում: Նրանք, ովքեր չմիացան ինձ, միացան Սերժ Սարգսյանին, և  նրանք ընդունում են, որ  այս ընտրությունները օրինական են` անկախ նրանից, թե հետո ինչ բացատրություն կտան, կփորձեն հետընտրական պայքարի իմիտացիա ստեղծել: Մնացել է ինը օր, և ինը օրից հետո  ամեն ինչը հստակ երևալու է:  Նրանք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը, ըստ էության, հայտնվեցին Արտաշես Գեղամյանի, Արթուր Բաղդասարյանի և Վազգեն Մանուկյանի կարգավիճակում»,-  ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասել է Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավար, ինքնաբացարկ հայտարարած նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

Արամ Հարությունյանը հայտնել է, որ որոշակի ճնշումներ են գործադրել իր նկատմամբ, ինչի մասին այս պահին չի ուզում խոսել: «Անուղղակի ճնշումներ եղել են, իմ ընկերների վրա են դուրս եկել, ինձ փորձել են ճնշել, որ չառաջադրվեմ, որ ակտիվ գործունեություն ծավալեմ»,- ասել է Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավարը:

«Ես ակտիվ եղել եմ ու հիմա էլ լինում եմ, բայց այս ընթացքում մի գուցե թողնենք, որ տղաները՝ թեկնածուները, տուն- տունիկ խաղան: Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրերին, ապա ասեմ, որ փետրվարի 18-ից հետո Հայաստանում ստեղծվելու է  նոր գործընթաց, որին մասնակից ենք լինելու նաև մենք մեր կուսակցությունով, որտեղ հստակ երևալու է, թե ովքեր են իսկապես կանգնած ժողովրդի կողքին»,- խոսելով իր հետագա ծրագրերի և անելիքների մասին` ասել է Արամ Հարությունյանը:

«Հայրիկյանը պետք է ներողություն խնդրի, որ իսկզբանե սխալ հայտարարություն է արել, կապված մահափորձի հետ: Համենայնդեպս, այն, ինչ ես եմ տեսել, կարծում եմ, որ հակասում են իրար: Ի՞նչ ստացվեց.  գտնում են երկու հոգի, որոնք պարզվում է, որ թմրամոլներ են, իրենք՝ և´ Հայրիկյանը, և´ մյուս թեկնածուները իրար հակասում են, թող անեն` ինչ ուզում են»,- անդրադառնալով ԱԻՄ առաջնորդի դեմ կատարված մահափորձին և ԱԱԾ բացահայտմանը` ասել է Արամ Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս