Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի աշխատակիցները հայտնաբերեցին Բոշա Օդոլ մականվամբ մարդասպանին (լուսանկարներ)
Փետրվարի 5-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանություն է ինքնակամ ներկայացել Սարի Թաղի 26 փողոցի բնակիչ, 48-ամյա Էդիկ Հակոբյանը: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին (սպանություն) 112 հոդվածի 1-ին (ծանր մարմնական վնասվածք պատճառելը) 235 հոդվածի 1-ին (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը և օգտագործելը) հատկանիշներով:
Նշվում է, որ այս տարվա հունվարի 28-ին Էրեբունու ոստիկանությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ նույն օրը 15:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Սարի Թաղի 20 փողոցի վերջնամասում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել էին կրակոցներ:
Վերոհիշյալ վայրից էրեբունի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Սարի Թաղ 3-րդ փողոցի բնակիչ Սերգեյ Գալստյանը, ով հիվանդանոցի ճանապարհին մահացել էր:
Էրեբունու ոստիկանները օպերատիվ տվյալներն իրացնելիս բաժին էին բերման ենթարկել Սարգիս Աբրահամյանին և փնտրում էին Է. Հակոբյանին:
Էրեբունու ոստիկանությունում Ս. Աբրահամյանը փորձում է թաքցնել իր մասնակցությունը վիճաբանությանը, սակայն ոստիկանները նկատում են, որ վնասված է նաև նրա ձեռքը: Եվ ոստիկանների շնորհիվ նա շտապ տեղափոխվում է Էրեբունու հիվանդանոց: Արդեն հիվանդանոցում ոստիկանության էրեբունու օպերատիվ-քննչական խումբը պարզում է դեպքի ողջ մանրամասները և քննիչի կողմից հետախուզում է հայտարարվում Է. Հակոբյանի նկատմամբ, ով ավելի շատ հայտնի է Բոշա Օդոլ մականվամբ: Բոշա Օդոլը քիչ անց ոստիկանության Էրեբունու բաժնից տեղափոխվելու է Նուբարաշեն ՔԿՀ: Նա ոստիկաններին է ներկայացրել նաև այն թմբուկավոր ատրճանակը, որով վիճաբանության ժամանակ կրակոցներ է արձակել: