«Այդ ո՞ր երկրի Հատուկ ծառայությունն է ցանկացել մեր երկիրը խաթարել»
Ասում է «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ով չի կարծում, թե Ռուսական գաղտնի ծառայությունները ոչ պրոֆեսիոնալ քիլլեր կունենային։ Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանը կատարվածից հետո հայտարարել էր, թե իր դեմ մահափորձը կատարել էին ռուսական գաղտնի ծառայությունները։
– Ձեզ համար տրամաբանակա՞ն է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի մասին իր կողմից առաջ քաշված վարկածը, ըստ որի` իր մահափորձն իրականացրել են Ռուսական գաղտնի ծառայությունները, այն բանից հետո, երբ ինքը շեշտակի հարց է դրել, այլընտրանք չկա, գնում ենք Եվրոպա։
– Փառք Աստծո, Պարույր Հայրիկյանը լավ է, առողջական վիճակին, որքան տեղեկացված եմ մամուլից, վտանգ չի սպառնում։ Բայց տարօրինակն այն է, որ պաշտոնական ոչ մի վարկած առայժմ շրջանառված չէ, թե որտեղի՞ց են կրակել, ի՞նչ հեռավորությունից, ինչպիսի՞ զենքից, և այլն։ Այս պարագայում վարկածներ առաջ քաշելն անընդունելի է։ Գուցե Պարույր Հայրիկյանի դեպքում վարկած առաջադրելը հասկանալի է. մարդը խորհրդային իշխանությունների հետ խնդիրներ է ունեցել, իր վրա կրակել են, էմոցիոնալ հողի վրա վարկած է առաջ քաշել։ Բա Սերժ Սարգսյա՞նը. նա որտեղի՞ց գիտի, որ դա տեռակտ է մեր երկրի դեմ։ Կարող է անձնական խնդրի հե՞տ է կապված. ենթադրենք` մեկը վրեժ է լուծել Հայրիկյանից։ Ինչի՞ հիմքում են ասում, որ սա պետականությանը դեմ քայլ էր և այլն, երբ պաշտոնական որևէ տեղեկություն չկա։ Պարույր Հայրիկյանը խորհրդային ԿԳԲ-ի հետ խնդիրներ է ունեցել, ինքն իր մահափորձի մասին կարող է ամեն ինչ էլ մտածել, բա Սերժ Սարգսյա՞նը։ Այդ ինչի՞ հիման վրա է վարկած առաջ քաշում։ Կարծում եմ` համատարած այս վարկածներն ուղղվածության խնդիր են լուծում։
– Նկատի ունեք ուղղվածություն` դեպի ընտրությունների հետաձգե՞լը կամ այլ օր տեղափոխե՞լը։
– Ուղղվածությունը դեռ հասկանալի չէ։ Բայց, եթե ոչ պաշտոնական տեղեկությունները ճիշտ են, խոսքս ականատեսների պատմածներին է վերաբերում, ու, ինչպես Հայրիկյանն է ասում` կրակում էին 25 սմ-ից, եթե եկել էին սպանելու, կսպանեին, էլ ինչո՞ւ էին վրիպում։ Մամուլի հրապարակումների համապատասխան, եթե Պարույր Հայրիկյանը հիվանդասենյակում հենց նույն գիշերը մարդիկ է ընդունում, եթե գնում է մի օրով տուն` լողանալու, եթե այդ ամենը ճիշտ է, ապա ես չեմ հասկանում` ո՞րն է տեռակտը, այն էլ` կազմակերպված Ռուսական գաղտնի ծառայությունների կողմից, ենթադրում եմ` պրոֆեսիոնալ քիլլերների ձեռքերով։ Չեմ կարծում, թե ռուսական գաղտնի ծառայությունները ոչ պրոֆեսիոնալ քիլլեր կունենային։ Ինձ մոտ տպավորություն կա, որ որքան անլուրջ են նախագահական այս ընտրությունները, նույնքան էլ անլուրջ է այս ամենը։
– Պարոն Կարապետյան, մեր զրույցի ընթացքում մի քանի անգամ կարծես կասկածի տակ դրեցիք Պարույր Հայրիկյանի հայտարարությունները` մահափորձի պատճառները բացատրելու առնչությամբ։ Պ. Հայրիկյանի հիմնավորումները Ձեզ հավատ չե՞ն ներշնչում։
– Չգիտեմ։ Կասկածի տակ դրեցի, որովհետև ինձ համար անհասկանալի է։ Ես կոնկրետ կասկածի տակ չեմ դնում Հայրիկյանի վարկածը, որովհետև նրա վրա կրակել են, և նա կարող է ամեն տեսակի հիմնավորում տեսնել դրա տակ։ Բայց, կրկնում եմ, դրանք ինձ համար անտրամաբանական են։ Հիշո՞ւմ եք, երբ այստեղ (նկատի ունի Ռուսաստանում.- Տ.Մ.) սպանեցին Դեդ Հասանին, որքան պատրաստվածություն կար գործն իրականացնելու համար։ Չգիտեմ, ես տրամաբանություն` հնչող վարկածների մեջ, չեմ տեսնում։ Եթե կատարվում է այլ ծառայությունների կողմից, ուրեմն պետք է ունենա գեոքաղաքական այնպիսի պատճառ, որը ստիպի այդ պետությանը նման քայլի գնալ։ Անկեղծ ասած` ոչ մի տրամաբանական հայտարարություն, ելույթ կամ քայլ այս մահափորձի վերաբերյալ ես առայժմ չեմ տեսել։ Մինչ օրս պարզ չէ անգամ Հայաստանի Հատուկ ծառայությունների պահվածքը, որոնք ոչինչ չեն ասում, այն մարդկանց պահվածքը, որոնք զազրելի ձևով խոսում էին Հայրիկյանի հետ, բայց նրա վրա կրակելուց հետո այդպիսի մեծ ՙսիրով՚ պալատից դուրս չէին գալիս։ Չշեղվելով Ձեր հարցից` ասեմ, որ ես հակված եմ մտածել, որ, ամենայն հավանականությամբ, ընտրությունները չեն հետաձգվի։ Նաև չեմ բացառում հետաձգման տարբերակը։
– Ի՞նչն է Ձեզ ստիպում մտածել, որ ընտրությունները կարող են հետաձգվել, որովհետև կարծես իշխանութունն էլ դեմ չէ նման զարգացմանը։
– Առաջին պատճառը Մարտի 1-ն է։ Երկու շաբաթից մարտի 1-ը կանցնի, իսկ ես կարծում եմ, որ իշխանությունը վախ ուներ, որ հնարավոր է, որ հետընտրական գործընթացներն իրենց նախատեսած ուղուց շեղվեն, ստեղծվեն այլ պայմաններ, ինչին էլ կարող է գումարվել մարտի մեկի թոհուբոհը, ու ստեղծվի վատ կացություն։ Կամ, կարծում եմ, կային ներքին պայմանավորվածություններ, որոնք պետք է իրականացվեին հետընտրական շրջանում, սակայն, ամենայն հավանականությամբ, չեն պահպանվել։ Իշխանությունը, երևի, տեսավ, որ իր պայմանավորվածությունները չեն պահպանվելու։ Ես շատ կցանկանամ, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որ այս մահափորձն ուղղված էր պետության դեմ` բացահայտվի, և մենք տեսնենք, թե այդ ո՞ր երկրի, ո՞ր Հատուկ ծառայությունն է ցանկացել մեր երկիրը խաթարել։ Միայն խոսքով չէ, ապացույց է պետք։
Հ.Գ. – Նյութը հրապարակվելու պահին Պ. Հայրիկյանը դեռ չէր հայտարարել ՍԴ չդիմելու իր որոշման մասին։