Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ
Բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ:
«Խոր վշտով ցավակցում եմ հայրենական սպորտի ականավոր ներկայացուցիչներից մեկի` Վլադիմիր Ենգիբարյանի մահվան կապակցությամբ: Սա անդառնալի կորուստ է հայ մարզաշխարհի համար:
Նա Մելբուրնի Օլիմպիական խաղերի չեմպիոն էր, Եվրոպայի եռակի եւ ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, հիմնադրել է Երեւանի պատանի բռնցքամարտիկների հանրապետական դպրոցը, նրա եւ նրա դպրոցի սաների շնորհիվ բազմիցս տարբեր միջազգային հեղինակավոր մրցասպարեզներում մեր երկիրը առաջատար է հռչակվել: Վլադիմիր Ենգիբարյանը բոլորիս համար օրինակ է եղել եւ կմնա այդպիսին:
Եվս մեկ անգամ խորապես ցավակցում եմ Ենգիբարյանի հարազատներին, ընկերներին, համախոհներին: Նրա հիշատակը մշտապես վառ կմնա հայ մարզաշխարհի պատմության մեջ»,- նշել է Արթուր Աբրահամը:
Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com-ը