Բաժիններ՝

Մսի խանութում մսին ձեռք տալու պատճառով վեճը ավարտվել է եղբայրների դանակահարությամբ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձորում երկու եղբայրներին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի բնակչին:

2018 թվականի օգոստոսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահ­ման­ներում, «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտո­րոշ­մամբ «Վա­նաձորի բժշկական կենտ­­րոն» ՓԲ ըն­կե­րու­թյուն է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1993թ., ինչպես նաև նրա անչափահաս եղբայրը՝ ծնված 2002թ.՝ «ձախ աճուկային շրջանի թափանցող վերք» ախտո­րոշ­մամբ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, կազմվել քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան:

Քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, դրդապատճառը:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Վանաձոր քաղաքում գործող մսի խանութում խանութի տիրոջ և Լոռու մարզի 28 և 31-ամյա բնակիչների միջև մսին ձեռք տալու կապակցությամբ վիճաբանություն է առաջացել: Լսելով վիճաբանության ձայները՝ նրանց են մոտեցել խանութի տիրոջ 17 և 26-ամյա որդիները, որից հետո 28-ամյա տղամարդը դիտա­վորու­թյամբ դանակով հարվածել է նախ 26-ամյա երիտասարդի կրծքա­վանդակի ձախ կեսին, ապա նաև վերջինիս անչափահաս եղբոր ձախ ա­ճուկային շրջանին՝ նրանց պատճառելով կյան­քին վտանգ սպառ­նացող ծանր վնաս:

Այնուհետև, խանութի տերը, տեսնելով, որ 28 և 31-ամյա տղամարդիկ ցանկանում են փախուստի դիմել «ԲՄՎ 525» մակ­նիշի ավտոմեքենայով, որ­դի­ներին դանա­կահարելու կապակցությամբ վրեժխնդիր լինելու դրդապատ­ճառով, կացնով դիտավորությամբ հարվածել և ջարդել է 31-ամյա տղամարդուն պատ­կանող «ԲՄՎ 525» մակ­նիշի ավտոմեքենայի հետևի հող­մապա­կին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Լոռու մարզի 28-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատ­մամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Խանութի տիրոջը՝ 23-ամյա տղամարդուն, մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեա­կան օ­րենսգր­քի 185-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել քրեական գործի նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս