ԱՄՆ-ում մահացել է դերասան Դիք Միլլերը
90 տարեկան հասակում՝ իր ծննդյան օրվանից մեկ ամիս անց, վախճանվել է հոլիվուդյան կինեմատոգրաֆի վետերան Դիք Միլլերը, որը հայտնի է բազմաթիվ էպիզոդիկ դերերով ֆիլմերում ու սերիալներում: Այդ մասին հայտնել է Hollywood Reporter հրատարակությունը՝ վկայակոչելով ընտանիքի ներկայացուցչին:
Հրատարակության տվյալներով՝ դերասանը վախճանվել է հունվարի 30-ին Լոս Անջելեսում բնական պատճառներով, նրա կողքին են եղել կինը, դուստրը եւ թոռնուհին: Միլլերը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 25-ին: Նա ծառայել է զինված ուժերում, այնուհետեւ ընդունվել է համալսարան եւ գիտությունների թեկնածուի աստիճան ստացել հոգեբանության գծով:
Աշխատելով հիվանդանոցներում՝ նա պարբերաբար ելույթ է ունեցել Բրոդվեյում: 1952 թվականին տեղափոխվելով Կալիֆոռնիա՝ նա զբաղվել է դերասանական կարիերայով: Նրա ֆիլմագրությունը ներառում է այնպիսի ֆիլմեր, ինչպիսիք են «Տերմինատորը», «Գրեմլինները» եւ «Առակներ դամբարանից.Դեւ-ասպետը»: «Արյան դույլը» (1959) ֆիլմում խաղացած դերը դարձել է նրա միակ գլխավոր դերը: Սակայն նա խաղացել է եւս 175 ֆիլմերում եւ աշխատել այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ջեյմս Քամերոնը, Մարտին Սկորսեզեն, Ջոնաթան Քապլանը եւ Ջո Դանթեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: