ԱՄՆ-ում հազարից ավելի ավիաչվերթեր են չեղարկվել ցրտերի պատճառով
ԱՄՆ-ի Միջին Արեւմուտքում հաստատված սաստիկ ցրտերը հանգեցրել են հազարից ավելի չվերթերի չեղարկման, քանի որ օդանավակայանների աշխատակիցները չեն կարողանում էքստրեմալ ջերմաստիճանի պայմաններում նախապատրաստել թռիչքների իրականացումը: Այդ մասին հայտնել է CNN-ը:
United Continental ավիաընկերությունը չեղարկել է Չիկագոյի Օ՛Հարա օդանավակայանից պլանավորված 600 չվերթերի շուրջ 80 տոկոսը. այս միջոցը գործում է հունվարի 29-ից մինչեւ հունվարի 30-ի առավոտ: Southwest Airlines-ը, որը բազավորվում է Չիկագոյի մյուս՝ Միդուեյ օդանավակայանում, չեղարկել է ավելի քան 700 չվերթ: American Airlines-ը հայտնել է հունվարի 29-ին 225 եւ հունվարի 30-ին՝ 185 չվերթերի չեղարկման մասին:
Օդերեւութաբանների տվյալներով՝ Չիկագոն եւ մերձակա մյուս քաղաքներն արկտիկական ցիկլոնի պատճառով դիմագրավում են վերջին տասնամյակի ընթացքում ռեկորդային ցրտերին: Սառնամանիքներն այստեղ հասնում են Ցելսիուսի մինուս 45 աստիճանի (հաշվի առնելով ուժեղ քամին): Նման ջերմաստիճանի եւ սաստիկ քամու պայմաններում մաշկի բաց մասերը կարող են ցրտահարվել արդեն հինգ րոպեում, նախազգուշացնում է ԱՄՆ-ի Ազգային օդերեւութաբանական ծառայությունը:
«Մեր աշխատակիցները չեն կարող երկար աշխատել նման պայմաններում»,-հայտարարել է United Continental-ի փոխնախագահ Ջիմ Դեյոնգը: Նրա խոսքով՝ բեռնակիրները եւ մյուս աշխատակիցները միմյանց փոխարնելով աշխատում են մի քանի րոպե, որպեսզի խուսափեն ցրտահարվելուց: ԱՄՆ-ում հաստատված ցրտերի պատճառով սառելէ Նիկարագուայի ջրվեժը, իսկ Չիկագոյի նշանավոր Բրուքֆիլդի կենդանաբանական այգին չորրորդ անգամ է փակվել իր գրեթե մեկդարյա պատմության մեջ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: