Գողացել էր բանկային քարտ և գումար կանխիկացրել. հանցագործությունը բացահայտված է
Հունվարի 2-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 53-ամյա մի կին և հայտնել, որ դեկտեմբերի 28-ին կորցրել է բանկային քարտը, որից գումար են կանխիկացրել:
Մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խմբին հունվարի 3-ին, ժամը 02.00-ին, կինը բանավոր հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արարատ քաղաքում իրեն անհայտ պայմաններում կորցրել է իր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի աշխատավարձի քարտը, որի հաշվեհամարին կար 420.000 դրամ գումար, և հունվարի 2-ին, ժամը 23.40-ի սահմաններում, նույն բանկից իր բջջային հեռախոսահամարին եկած հաղորդագրությամբ տեղեկացել է, որ իր քարտից Արարատ քաղաքի մասնաճյուղում կանխիկացվել է 150.000 դրամ:
Վեդիի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1998 թ. ծնված Սուրեն Հ.-ն:
Հունվարի 29-ին, ժամը 22.00-ին, նա հրավիրվել է Արարատի բաժանմունք և խոստովանել:
Սուրեն Հ.-ն ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:
Նախաքննությունը շարունակվում է: