«Հենց այս համակարգը վերացնելն է մեր մշակութային քաղաքականության նպատակը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի 150-ամյակ, Ազգային ակադեմիական երգչախումբ, դիրիժոր՝ Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյան, հզորագույն համերգ: Եւ՝ կիսադատարկ դահլիճ:
Սա մեր մշակութային կյանքի եւ քաղաքականության իրական երեսն է. ում հարցնես՝ կասեն, որ Կոմիտասը, Չեքիջյանը, Ակադեմիական երգչախումբը մեզ համար ազգային արժեքներ են: Բայց համակարգը կառուցված է այնպես, որ այդ ազգային արժեքի հետ հնարավորինս քիչ մարդ շփվի, քիչ մարդ հարաբերվի:
Որովհետեւ՝ չէ՞ որ դա բարձր ազգային արժեք է, «ամեն մարդու խելքի բան չէ», կերպարվեստի գլուխգործոցները պետք է պահվեն թանգարանների «պադվալներում» (պահարաններում պահվող ռոկոկո բաժակների նման), որովհետեւ դրանք արժեք են եւ ոչ թե ամենօրյա կիրառման եւ յուրացման բովանդակություն: Թանգարաններ պետք է հնարավորինս քիչ մարդ գնա, կամ ընդհանրապես չգնա: Եվ այսպես շարունակ:
Հենց այս համակարգը վերացնելն է մեր մշակութային քաղաքականության նպատակը: Նոր Հայաստանում մարդը արվեստի, մշակույթի հետ պետք է իրական եւ մշտական հարաբերությունների մեջ լինի, ազգային արժեքները պետք է մոտ լինեն մարդուն՝ ծնողի, հարազատի, յուրայինի նման:
Եվ այս ընկալումը պետք է սերմանվի դպրոցից: Հենց այս խնդիրը, կամ խնդիրների այս համախումբը պետք է լուծի կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը»:
Երեկ Աննայի հետ գնացել էի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի համերգին, նվիրված Կոմիտասի 150-ամյակին: Կոմիտասի…
Gepostet von Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան am Dienstag, 29. Januar 2019