«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրենը մեղադրում է նախկին տնօրենին ֆինանսական չարաշահումների մեջ
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի ներկայիս տնօրենը մեղադրում է նախին տնօրենին ՝ ֆինանսական չարաշահումների մեջ: Հունվարի 29-ին Գյումրու «Երկխոսություն մեդիա կենտրոն»-ում կայացած ասուլիսի ժամանակ հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը, ներկայացնելով հիմնադրամի կատարած աշխատանքներն ու առաջիկա անելիքները, մեղադրեց հիմնադրամի նախկին տնօրեն Ղարիբ Հարությունյանին ֆինանսական չարաշահումների մեջ: Մհեր Խաչատրյանը նկատեց, որ այս հայտարարությունը անակնկալ կլինի նաև հիմնադրամի հոգաբարձումների համար:
«Այս իմ արած հայտարարությունը անակնկալ է հոգաբարձուների խորհրդի յուրաքանչյուր անդամի համար, քանի որ իրենք տեղյակ չեն եղել դրանից: Իրենց ներկայացվել է կեղծ հաշվետվություն՝ թվերը փոխած»,-նշեց Մհեր Խաչատրյանը՝ նշելով, առաջիկայում տեղեկությունները նախ կներկայացնի հոգաբարձուների խորհրդի անդամներին, ապա նաև իրավապահ մարմիններին:Ի հակադրություն այս հայտարարությանը, Ղարիբ Հարությունյանն, իմանալով ասուլիս մասին և ժամանելով մեդիա կենտրոն՝՝ ասաց, որ Մհեր Խաչատրյանը ինքնակոչ է, ով, ըստ նրա, իրավունք չուներ առանց հիմնադրամի հոգաբարձուների որոշում կայացնել և նման ասուլիս կազմակերպել:
«Սա հիմնադրամի կանոնադրության խախտում է: Հիմնադրամի տնօրենը զբաղված է ինքնագործունեությամբ: Ավելին, հիմնադրամի հանձնում ու ընդունում չի եղել և ներկայիս տնօրենը չի տիրապետում պաշտոնական տեղեկատվության»,-նշեց Ղարիբ Հարությունյանը՝ կոչ անելով իրավապահ մարմիններին զբաղվել իր իրավահաջորդի կողմից արված հայտարարությամբ, ինչպես նաև հայտարարությունը որակելով զրպարտություն՝ իրավապահներին կոչ արեց նաև զրպարտության փաստով զբաղվել:
Մինչ այս Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում՝ 1988 թվականի երկրաշարժից հետո Գյումրիում բնակարանների բաշխման գործընթացում տեղ գտած հնարավոր չարաշահումների մասին դիմումի հիման վրա:
«Գյումրին առանց տնակների» հիմնադրամի տնօրեն Մհեր Խաչատրյանը գրավոր դիմել էր Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանին՝ նշելով, որ իր կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Գյումրիում բնակարանների բաշխման ժամանակ եղել են չարաշահումներ:Մհեր Խաչատրյանը լրագրողներին նաև հավաստիացրեց՝ չարաշահումները ոչ միայն պետական կառույցների կողմից են եղել այլ նաև բնակարան տրամադրող բարեգործական կառույցների ու անհատների:
Արմենուհի Մխոյան