Չարաշահումներ՝ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն»-ում
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում հայտնաբերված չարաշահումների հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեղադրանք է առաջադրվել երեք անձի:
2018 թվականի հուլիսի 23-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին են ստացվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված գրության հիման վրա նախապատրաստված նյութերն այն մասին, որ «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված աուդիտորական ուսումնասիրության արդյունքում ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ հանդիսացող նախկին աշխատակիցների կողմից կատարվել են մի շարք չարաշահումներ:
Դեպքի առթիվ 2018թ. օգոստոսի 2-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:
Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական միջոցառումների արդյունքում բազմաթիվ չարաշահումներ են ի հայտ եկել, պարզվել են ֆինանսական բնույթի առերևույթ չարաշահումներ կատարած անձանց ինքնությունը, ժամանակահատվածը և մեխանիզմը:
Քննությամբ պարզվել է, որ հիշյալ չարաշահումները կատարվել են 2014-2018թթ. ընկած ժամանակահատվածում:
Իրականացվել են քննչական լայնածավալ գործողություններ. համապատասխան մարմիններից առգրավվել են փաստաթղթեր, իրականացվել խուզարկություններ, հարցաքննություններ:
Այսպես՝ ՊՈԱԿ-ի տնօրենը, ով պաշտոնավարել է սկսած 2014 թվականից, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ՊՈԱԿ-ի փոխտնօրենի օժանդակությամբ, առողջապահական սոցիալական, բնապահպանական ՀԿ-ին օգնելու համար, իր ծառայողական դիրքը դիտավորությամբ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որի արդյունքում ՊՈԱԿ-ին առերևույթ պատճառվել է էական վնաս:
Մասնավորապես՝ խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 14-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում տուբերկուլյոզի դեմ պայքարի չափորոշիչը» հաստատելու մասին թիվ 59-Ն հրամանի հավելված 1-ին ով սահմանված չափորոշիչի 11-րդ կետը, համաձայն որի՝ տնային այցերի միջոցով հակատուբերկուլոզային բուժումն իրականացվում է տուբերկուլյոզի դեմ պայքարի կաբինետի բուժքույրերի կողմից` դեղորայքի ընդունման ուղղակիորեն հսկմամբ, և «Գնումների մասին» ՀՀ օրենքը, Կենտրոնին վերապահված նպատակների կատարման համար անհրաժեշտության բացակայության պայմաններում 2015 և 2016 թվականներին ՊՈԱԿ-ի կարիքների համար «ՀՀ տաս մարզերում և Երևան քաղաքում տուբերկուլյոզով հիվանդների բուժման համար տնային այցերի կազմակերպման» ծառայությունների մատուցման պետական գնում իրականացնելու մրցույթ անցկացնելու նպատակով ստեղծել է գնահատող հանձնաժողովներ:
ՊՈԱԿ-ի տնօրենը հանձնաժողովի անդամների մի մասին հրահանգել է գնումների բաժնի աշխատակիցների կողմից ներկայացվող փաստաթղթերը անվերապահորեն ստորագրել` հակառակ դեպքում սպառնալով ազատել աշխատանքից, իսկ մյուս մասին` այդ փաստաթղթերն ընդհանրապես նրա ցուցումով չեն ներկայացվել:
Արդյունքում՝ հանձնաժողովի նիստերի ժամանակ կայացված որոշումների հիման վրա հաստատվել են գնման հայտարարությունների և հրավերների տեքստերը, որոնք չեն պարունակել ծառայությունների մատուցման քանակային ցուցանիշներ, մեկ միավոր ծառայության մատուցման դիմաց սահմանված հստակ գին, ծառայության ձեռքբերման գինը հիմնավորող որևէ ուսումնասիրություն, և մրցույթների հաղթող է ճանաչվել «բնակչությանը բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելու» լիցենզիա չունեցող վերոնշյալ Հասարակական կազմակերպությունը:
Նախնական քննության տվյալներով՝ մրցույթի արդյունքների հիման վրա Հասարակական կազմակերպության և Կենտրոնի միջև 2015 և 2016 թվականներին կնքվել են պետական գնման պայմանագրեր, որոնց առարկան եղել է Հասարակական կազմակերպության աշխատակիցների կողմից տուբերկուլյոզով հիվանդներին տնային պայմաններում բուժօգնություն տրամադրելը: 2015 թվականին կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի հիման վրա ՀԿ-ին փոխանցվել է 43.950.000 ՀՀ դրամ, իսկ 2016 թվականի ընթացքում կնքված ծառայությունների մատուցման պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 67.000.000 ՀՀ դրամ: Արդյունքում՝ ՊՈԱԿ-ի օրինական շահերին պատճառվել է ընդհանուր 110.950.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Պայմանագրի շրջանակներում ՀԿ-ի ներկայացուցիչներն իրականացրել են տուբերկուլյոզով հիվանդ անձանց 13.748 տնային այց: Մեկ այցի միջին արժեքը կազմել է 4.912 ՀՀ դրամ, մինչդեռ սույն ծառայությունը, որն այժմ մատուցվում է պոլիկլինիկաների բուժաշխատողների միջոցով, մեկ այցի արժեքը կազմում է 1.200 ՀՀ դրամ:
Բացի այդ, տնօրենը Հասարակական կազմակերպության և ՊՈԱԿ-ի միջև 2015 և 2016 թվականներին կնքված «ՀՀ տաս մարզերում և Երևան քաղաքում տուբերկուլյոզով հիվանդների բուժման համար տնային այցերի կազմակերպման» ծառայությունների մատուցման պետական գնման պայմանգրերի առկայության պայմաններում, նույն ՀԿ-ին օգնելու համար, կրկին իր ծառայողական դիրքը դիտավորությամբ օգտագործել է ծառայության շահերին հակառակ:
Մասնավորապես՝ բանավոր կարգով յուրաքանչյուր ամիս հրահանգել է ընկերության գլխավոր հաշվապահին ՊՈԱԿ-ի բանկային հաշիվների հաշվեկշիռներում առկա գումարներից տուբերկուլոզի դեմ պայքարի տարածքայի կաբինետի բուժքույրերին փոխանցել այդ ամիս վերջիններիս կողմից կատարած այցելությունների համար գումարը, որի արդյունքում 2015-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում թվով 40 անձանց, առանց որևէ իրավական հիմքի առկայության, փոխանցվել է ընդհանուր 3.341.600 ՀՀ դրամ գումար` Կազմակերպությանը պատճառելով գույքային վնաս:
Պարզվել է նաև, որ ՀԿ-ի կողմից յուրաքանչյուր ամիս ներկայացված հանձնման ընդունման արձանագրություններում ներկայացված այցելությունների քանակը չի համապատասխանում իրականությանը, ՀԿ-ին ՊՈԱԿ-ից երբևէ դեղորայք չի տրամադրվել, մինչդեռ ՏՈՒԲ-ի բուժման համար անհրաժեշտ բոլոր դեղերը ՀՀ-ում գտնվում են միայն ՊՈԱԿ-ի պահեստում և վաճառքի ենթակա չեն:
Բացի այդ, քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2015-2017թթ. «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել նաև թվով 3 այլ ՀԿ-ների և 1 ՊՈԱԿ-ի հետ:
Նախնական քննությամբ պարզվել է, որ հայտարարված մրցույթների գործընթացը կատարվել է ՀՀ օրենսդրության խախտումներով, մրցույթների անցկացման ու մրցույթում որևէ կազմակերպության շահած ճանաչելու համար անհրաժեշտ փաստաթղթերը եղել են թերի, իսկ մրցույթների գնահատման հանձնաժողովների անդամները հանդիսացել են նույն անձինք:
Սույն ծառայությունների մատուցման պայմանագրերի դիմաց վերոնշյալ հասարակական կազմակերպություններին վճարումներ է կատարվել «ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամ»-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրված դրամաշնորհային գումարների հաշվին, որոնք նախարարությունից համապատասխան համաձայնագրերի հիման վրա փոխանցվել են «Տուբերկուլյոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Նախնական քննությամբ պարզվել է, որ ՀՀ առողջապահության նախարարության և Գլոբալ հիմնադրամի միջև դրամաշնորհների հատկացման պայմանագրի բյուջեի զգալի մասը հատկացվել է «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին:
Բացի այդ, Կազմակերպության տնօրենը, իր ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելով, իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, այն է` իրեն անմիջականորեն ենթակա և հաշվետու Կազմակերպության գլխավոր հաշվապահին, իրավասություն տալով տիրապետելու ընկերության բանկային հաշիվների վրա առկա գումարները, նրա գործունեության նկատմամբ պատշաճ հսկողություն չի իրականացրել: Արդյունքում՝ նա 2014թ. դեկտեմբեր 1-ից մինչև 2018թ. հունիսի 1-ն օգտվել է իրեն ընձեռված լիազորություններից և իրեն վստահված բանկային հաշիվների վրա առկա գումարներից անձնական հաշվեհամարներին մուտքագրելու եղանակով ապօրինի յուրացրել է առանձնապես խոշոր չափի` 53.481.928 ՀՀ դրամ գումար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (2 դրվագ) և 315-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
ՊՈԱԿ-ի գլխավոր հաշվապահին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագարություն` չհեռանալու մասին:
Փոխտնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38- 308-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավվելու մասին: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն` չհեռանալու մասին: