ՌԴ-ՆԱՏՕ խորհրդում կողմերը տարակարծիք էին ՓՄՀՀՊ-ի և Ուկրաինայի նկատմամբ դիրքորոշումներում. Ստոլտենբերգ
Ռուսաստանը եւ ՆԱՏՕ-ն միանգամայն տարբեր դիրքորոշումներ ունեն Փոքր ու միջին հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի եւ Ուկրաինայում շարունակվող հակամարտության շուրջ:
Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի՝ Բրյուսելում կայացած նիստի արդյունքները:
«Այս երկու թեմաների շուրջ էլ մենք տարակարծություններ ունեցանք: Հենց դրա համար էլ կարեւոր է այս երկխոսությունը»,-ասել է նա:
Դաշինքի գլխավոր քարտուղարը հանդիպումը որակել է կառուցողական ու օգտակար՝ չնայած կողմերի տարաձայնություններին:
«Այսօրվա հանդիպմանը մենք քննարկեցինք Հյուսիսատլանտյան անվտանգությանը վերաբերող ամենակարեւոր թեմաները: Մեր հանդիպումները ոչ միշտ են հարթ ընթանում, բայց դրա համար էլ դրանք այդքան կարեւոր են»,-ասել է Ստոլտենբերգը:
Նա հավելել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը ՓՄՀՀՊ-ի գծով բեկման հասնելու որեւէ նշան չի տեսնում: «Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի անդամներն ընդունում են, որ ՓՄՀՀՊ-ն կենսականորեն կարեւոր է հյուսիսատլանտյան անվտանգության համար: Բայց պայմանագիրն այժմ սպառնալիքի տակ է: Ցավոք, մենք բեկման որեւէ նշան չտեսանք»,-նշել է նա:
Դաշինքում վստահ են, որ ԱՄՆ-ի հարվածային դրոնները եւ հակահրթիռային պաշտպանության համակարգի համար թիրախ-հրթիռները չեն խախտում Փոքր ու միջին հեռահարության հրթիռների մասին պայմանագիրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: