«Կարծում եմ՝ ինքը հարմար թեկնածու է, կարող է քաշել երկրապահի լուծը». ԵԿՄ ԵԿՄ վարչության փոխնախագահը՝ Սասուն Միքայելյանի մասին
«Երկրապահ կամավորականների միությունում (ԵԿՄ) տեղի է ունեցել փոխնախագահների և մարզխորհրդի նախագահների համատեղ նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել ստեղծել նախագահություն, որը մինչև ԵԿՄ վարչության համագումարն ավելի թափանցիկ կդարձնի կատարվելիք ընթացիկ աշխատանքները, որոշում կկայացնի դրանք իրականացնելու համար: Այս մարմինը նորմալ կհամակարգի ԵԿՄ՝ ինչպես վարչության, այնպես էլ՝ մարզային ու տարածքային կառույցների աշխատանքները»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:
Նրա փոխանցմամբ՝ մարմնում ընդգրկված է 17 հոգի:
Անդրադառնալով ԵԿՄ նախագահի ընտրության հարցին՝ Համլետ Հայրապետյանը նկատեց. «ԵԿՄ նախագահի ընտրության հարցը հրատապ չհամարեցինք, որովհետև շտապողականությունն էլ ձեռնտու չէ: Պետք է ճշմարիտ ձևով հասնենք այդ խնդրին, որպեսզի ԵԿՄ-ն առաջիկայում ապահովագրված լինի: Անհրաժեշտ է ընտրել մեկին, ով կկարողանա պահել այս հզոր կառույցը: Ասել եմ ու կասեմ՝ մասնավոր հովանավորներ փնտրես էլ՝ չես կարողանա այս եռասերունդ հսկա կառույցը հավուր պատշաճի պահել: Երկրապահի գոյատևման խնդիրն է, որն այդպես հեշտ չէ: 62.000 է եռասերունդ երկրապահի թիվը»:
Ինչ վերաբերում է նրան, որ ԵԿՄ նախագահի պաշտոնում ցանկանում են տեսնել Սասուն Միքայելյանին՝ Համլետ Հայրապետյանը նշեց.
«Եթե այսօր ես կամ որևէ մեկը անուն ենք հնչեցնում, այն դոգմա չէ: Ես՝ որպես անձ, ու էլի շատ ազատամարտիկ տղաներ առաջարկել էինք Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Կարծում եմ՝ ինքը հարմար թեկնածու է, կարող է քաշել երկրապահի լուծը: Գիտեմ, որ շատերն են կողմ, չեմ էլ կարծում, որ լինի մեկը, ով դեմ է: Ո՞վ չի ուզում, որ այդ կառույցը գործի: Եթե չեն ուզում ՝ դա իրենց գործն է: Լինելով իշխանության ներկայացուցիչ՝ Սասուն Միքայելյանը կկարողանա հովանավորչության խնդիրը լուծել: Երկրապահում մարդկանց մի բանակ է, որը միշտ պատրաստակամ է գնալ ու զոհվել հանուն հայրենիքի»:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա հունիսի 16-ին ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանավորումից հետո այս կառույցը մնացել է առանց նախագահ:
Անի Կարապետյան