ՊՆ N զորամասի վարորդը Nissan X-Trail-ով տապալել է գազախողովակի սյուներն ու շրջված հայտնվել քարերի վրա
Կոտայքի մարզում, այսօր՝ հունվարի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում 35-ամյա Արթուր Ղ.-ն իր վարած Nissan X-Trail մակնիշի 51 XR 100 համարանիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երեւան ավտոճանապարհի՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Երեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել գազախողովակին եւ առաջ ընթանալով՝ կողաշրջված վիճակում հայտնվել քարերի վրա։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետեւանքով, բարեբախտաբար, զոհեր եւ վիրավորներ չկան։
Բախման արդյունքում գազախողովակը կոտրվել է եւ սկսվել է ուժեղ գազի արտահոսք։ Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները, ովքեր նշված հատվածում դադարեցրել են գազամատակարարումը, մինչեւ վերանորոգեն վթարված խողովակը։ Գյուղը ժամանակավորապես գազազրկված է։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը ՀՀ ՊՆ N զորամասի ծառայող է, եւ դեպքի վայր են ժամանում նաեւ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները։