Բաժիններ՝

ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը չի ցանկանում Թրամփի օգտին քվեարկել 2020թ.

ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը չի պատրաստվում քվեարկել պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի՝ նախագահական երկրորդ ժամկետով վերընտրվելու օգտին, այլ մտադիր է իր ձայնը տալ դեմոկրատ թեկնածուի օգտին: Այդ մասին վկայում են սոցիոլոգիական հարցման՝ հունվարի 22-ին հրապարակված արդյունքները, որը համատեղ անցկացրել են Հարվարդի համալսարանին առընթեր ԱՄՆ-ի քաղաքականության հետազոտությունների կենտրոնը եւ Harris Insights & Analytics հետազոտական ընկերությունը:

Ինչպես հետեւում է ներկայացված տվյալներից, հարցման մասնակիցների միայն 36 տոկոսն է հայտարարել, որ հանրապետական Թրամփին է պաշտպանելու ԱՄՆ-ի՝ 2020 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում: Սպիտակ տան ղեկավարը, որը պաշտոնն ստանձնել է 2017 թվականի հունվարին, ավելի վաղ քանիցս ընդգծել է, որ մտադիր է իր թեկնածությունն առաջադրել երկրորդ ժամկետի համար:

Ընդ որում, հարվածների 43 տոկոսը հայտարարել է, որ իր ձայնը կտա Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի օգտին, որի անունը կորոշվի հաջորդ տարի կայանալիք փրայմերիզների արդյունքներով: Մինչ այդ, ինչպես հետեւում է հարցման արդյունքներից, ԱՄՆ-ում ստեղծված բյուջետային ճգնաժամը, որը հանգեցրել է կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման, շատ չի ազդել նախագահի ժողովրդականության վրա: Նրա գործունեությունը, ինչպես եւ ավելի վաղ, պաշտպանում է հարցման մասնակիցների 45 տոկոսը (հարցվածների 55 տոկոսը հավանություն չի տալիս Թրամփի աշխատանքին):

Ինչ վերաբերում է Թրամփի անձնական որակներին, ապա դրանք դուր չեն գալիս ամերիկացիների մեծ մասին: Հարցման տվյալներով՝ հարցվածների միայն 29 տոկոսն է հայտարարել, որ իրեն դուր էգալիս Թրամփը, ուսումնասիրության մասնակիցների մոտավորապես 58 տոկոսը բացասական պատասխան է տվել: Հարցումն անցած շաբաթ անցկացվել է ԱՄՆ-ի ավելի քան 1,5 հազար գրանցված ընտրողների շրջանում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս