Նախարարների չվերանշանակվելը՝ ակնարկ. վերջնականապես հայտնի են օպտիմալացումների սկզբունքները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը կազմավորված է: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շաբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նշանակել, ավելի ճիշտ, հիմնականում վերանշանակել է 17 նախարարներից 12-ին:

Ու քանի որ «Կառավարության  կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն` կառավարությունը կազմավորված է համարվում, եթե նշանակվել է անդամների 2/3-ը, խնդիրն իրավական առումով կարելի է համարել լուծված. այս պահին կառավարության 21 անդամներից 15-ը նշանակված են:

Ուսումնասիրելով արդեն նշանակված նախարարների ցանկը` կարելի է նաեւ եզրակացնել, թե որոնք են լինելու առաջիկայում օպտիմալացվող նախարարությունները, թե որ նախարարները չեն պահպանի իրենց պորտֆելը:

Դրանք են՝ Գյուղատնտեսության նախարարություն, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն, Մշակույթի նախարարություն, Սփյուռքի նախարարություն եւ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարություն:

Թեեւ կառավարության կառուցվածքում փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը դեռ վերջնականապես չկա, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ արդեն վերջնականապես հայտնի են սկզբունքները, որոնց համաձայն տեղի կունենան օպտիմալացումները:

Հայտնի էր, որ ՀՀ մշակույթի, նաեւ Սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը կմիավորվի Արայիկ Հարությունյանի ղեկավարած ԿԳՆ-ին, Գյուղատնտեսության նախարարությունն ու Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություններն էլ կմիավորվեն Սուրեն Պապիկյանի ղեկավարած Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությանը, իսկ Սփյուռքի նախարարությունը կդառնա ՀՀ վարչապետին կից կոմիտե»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս